Կոտայքի մարզում այսօր՝ օգոստոսի 6-ին, սպանություն է տեղի ունեցել. ժամը 14։20-ի սահմաններում «Աբովյան» բժշկական կենտրոնից ոստիկանության Կոտայքի բաժին ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Ձորաղբյուր գյուղի տներից մեկը, որտեղ տան ներսում հայտնաբերել են տղամարդու դի։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, ոստիկաններն ու քննիչները նշված տանը հայտնաբերել են դանակի մի քանի հարվածներից սպանված տղամարդու դի, ում ինքնությունը ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են։
Կայքի տեղեկություններով՝ ոստիկաններն ու քննիչները տաք հետքերով հայտնաբերել են սպանություն կատարած ենթադրյալ կասկածյալին, ով բերման է ենթարկվել ոստիկանության Կոտայքի բաժին։
Հաշվի առելով հանցագործության վտանգավորության աստիճանը, դեպքի վայր են ժամանել նաև Կոտայքի մարզի դատախազ Պետրոս Պետրոսյանն ու դատախազի տեղակալ Արթուր Մելիքյանը։