Ֆինլանդիայի վարչապետ Սաննա Մարինը այդ երկրի պետբյուջե է վերադարձրել այն գումարը, որը ծախսվել է իր նախաճաշի համար։ Այն կազմել է ամսեկան 850 եվրո։
Այս մասին հայտնում է տեղի Ilta-Sanomat պարբերականը։ Անցյալ ամիս նա պետական բյուջե վերադարձրել է ավելի քան տասը հազար եվրո։ Մինչեւ օգոստոսի վերջը նա պարտավոր է վերադարձնել եւս 4200 եվրո։ Մայիսի վերջին հայտնի է դարձել, որ վարչապետ Մարինն ու ընտանիքը պետության հաշվին նախաճաշել են պաշտոնական կեցավայրում, թեեւ օրենքով նման ծախս չի նախատեսվում։
Մարինի շրջապատից տեղեկացրել են, որ վարչապետն այդ մասին չի իմացել եւ մտածել է, որ նախկին վարչապետները նույնպես այդ արտոնությունից օգտվել են։ Առաջացել է սկանդալ եւ նա խոստացել է հետ վերադարձնել բյուջե այն գումարը, որը ծախսվել է նախաճաշերի համար եւ շնորհակալություն հայտնել այն բանի համար, որ իրեն բացատրել են օրենքը։
Այս դեպքից հետո ոստիկանությունը սկսել է հետաքննություն վարչապետի աշխատակազմում։ Ոստիկանությունը սակայն ընդգծել է, որ վարչապետ Մարինը որեւէ բանում չի կասկածվում։