Search
Close this search box.

«Ալիևը գաղտնազերծում է պայմանավորվածություններ. քաղտեխնոլոգը` խաղաղության պայմանագրի մասին

Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը կարծում է, որ նախապատրաստվում են ինչ-որ փաստաթղթեր, որոնք վերջնական արդյունքում գուցե կվերածվեն խաղաղության պայմանագրի։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նա նշեց, որ դա ենթադրում է սահմանների ճանաչում և շատ այլ զգայուն հարցերի լուծում։

Նա հիշեցրեց, որ նախորդ գումարման խորհրդարանի Պաշտպանության, անվտանգության և ներքին գործերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը շտապեց ազդարարել, որ կա մտադրություն բանակցություններ սկսել խաղաղության պայմանագրի շուրջ։ Նման արտահոսքեր երկրի պաշտոնատար անձանց կողմից ժամանակին եղել են։

Հիմա, ըստ նրա, խոսքը հավանաբար նախնական պայմանավորվածությունների մասին է, որոնք շոշափվել են նախորդ բանակցային գործընթացների ժամանակ, բանավոր ձևաչափով և որոնց գագաթնակետը լինելու է խաղաղության պայմանագիրը։

«Ալիևը գաղտնազերծում է շատ ու շատ պայմանավորվածություններ, նախկինում էլ շատ բաներ իմանում էինք նրա շուրթերից կամ նրա կողմից վերահսկվող մամուլից, հետևաբար Ալիևն այժմ փորձում է արագացնել գործընթացը` բացելով խաղաքարտերն ու խաղալով կատալիզատորի դեր։ Չի բացառվում, որ Ալիևի շուրթերով խոսում են նաև որոշ շահագրգիռ աշխարհաքաղաքական կենտրոններ, որոնք նույնպես փորձում են խաղը բացել` ստիպելով, որ ինչ–ինչ պայմանավորվածությունների կիրակումն արագանա»,– նշեց քաղտեխնոլոգը։

Հակոբյանի խոսքով` մենք հնարավոր պայմանագրի մասին տեղեկանում ենք ոչ միայն ադրբեջանական կամ երրորդ երկրների աղբյուրներից, այլև մեր ընդդիմադիր շրջանակներից։ Թեկուզ հիշենք, որ դեմարկացիայի ու դելիմիտացիայի մասին համաձայնագրի նախագիծը նույնպես դաշտ մտցվեց ընդդիմադիրների կողմից, ինչից հետո Նիկոլ Փաշինյանը ստիպված խոստովանեց, որ իսկապես կա նման փաստաթուղթ և նույնիսկ հայտարարեց, որ դա հայանպաստ փաստաթուղթ է, և ինքը պատրաստ է այն ստորագրել։

Քաղտեխնոլոգի գնահատմամբ` հայկական կողմը որդեգրել է գաղտնապահության մարտավարություն, բայց միշտ կանգնում է փաստի առջև` նոյեմբերի 9-ի համաձայնագիրն էլ ստորագրվեց առանց որևէ նախազգուշացման։ Դրանից հետո մի քանի անգամ ականատես ենք եղել մի իրողության, երբ ձեռք բերված պայմանավորվածությունը գաղտնազերծվում է կա՛մ հակառակորդի, կա՛մ երրորդ կողմի միջոցով, ինչից հետո ՀՀ իշխանությունը խոստովանում է գործընթացի առկայությունը։

Հիշեցնենք, որ պատերազմից հետո էլ, երբ խոսվում էր Սյունիքում տեղի ունեցած սահմանազատման աշխատանքների հետևանքով որոշ տարածքներ զիջելու մասին, վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Սյունիքի այն տարածքը, որն այսօր գոյություն ունի, արձանագրված է 2010 թ. ԱԺ կողմից հաստատված «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» օրենքով։

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն իր հերթին քանիցս ահազանգել է, որ ՀՀ պետական սահմանը չի կարող որոշվել վարչատարածքային բաժանման մասին օրենքով։

Please enter a valid URL