Search
Close this search box.

Ապրիլյան պատերազմի ժամանակ հետախուզության հետ կապված խնդիր չի եղել. Օհանյանը հերքեց Սերժ Սարգսյանի ասածը

2016-ի ապրիլյան պատերազմի ժամանակ հետախուզության հետ կապված Հայաստանը խնդիրներ չի ունեցել: Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ այս մասին վստահեցրեց «Հայաստան» խմբակցության ղեկավար, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը։

«Ապրիլյան պատերազմին հետախուզության հետ կապված ռազմավարական և օպերատիվ-մարտավարական մակարդակներում խնդիրներ չենք ունեցել»,–ասաց Օհանյանը։

Նշենք, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը 2020-ի օգոստոսի 19-ին իր հրավիրած ասուլիսի ժամանակ հայտարարել էր, որ Ապրիլյան քառօրյա պատերազմը հայկական կողմի համար անակնկալ է եղել, քանի որ հետախուզությունը թերացել է։ Լրագրողներն այսօր Սեյրան Օհանյանից հետաքրքրվեցին, թե ինչ կասի այդ մասին, ինչին ի պատասխան նա նշեց, որ չի լսել նման բան։

Հիշեցնենք` Սարգսյանը հայտարարել էր` չեն իմացել, որ Ադրբեջանը պատրաստվում է լայնածավալ պատերազմական գործողության, այդ հարցում մեր հետախուզությունը թերացել է, այստեղ տարակուսելի ոչինչ չկա։

Նրա խոսքով` նախնական տեղեկություններ են ունեցել արդեն ապրիլի 1-ին՝ օրվա երկրորդ կեսին, որ Ադրբեջանից կողմից պատրաստվում է դիվերսիոն գործողություն։

Please enter a valid URL