Ռուսական «Կոմերսանտ» պարբերականն անդրադարձել է Հայասատնի նոր գումարման խորհրդարանի նստաշրջանի բացմանը, որի ժամանակ նշանակվել են ինչպես վարչապետ Նիկոլ Փաշինյանը, այնպես էլ այլ պաշտոնյաներ, այդ թվում՝ նախարարներ:
«Հայաստանի խորհրդարանը նշանակել է երկրի նոր վարչապետին: Անսպասելի իրադարձություններ տեղի չունեցան. խորհրդարանական մեծամասնությունն այդ պաշտոնում առաջադրեց Նիկոլ Փաշինյանին: Նախագահ Սարգսյանը հաստատեց նրա թեկնածությունը: Տեսականորեն դա պետք է վերջ դներ քաղաքական ճգնաժամին, որն ի հայտ էր եկել պատերազմում պարտության և Լեռնային Ղարաբաղի տարածքի մեծ մասի կորստի հետևանքով, սակայն անցյալ օրը ցույց տվեց, որ իշխանությունները հանգիստ կյանքի հույս չպետք է ունենան»,- գրում է պարբերականը՝ նշելով, որ փորձագետների կարծիքով՝ Հայաստանում նոր քաղաքական իրականություն է ստեղծվել. խորհրդարանում են հայտնվել իշխանությունների անհաշտ հակառակորդները:
Ինչպես աղբյուրը նկատում է, «թեև Նիկոլ Փաշինյանի աջակիցները, ինչպես և նախորդ գումարման խորհրդարանում, վստահորեն վերահսկում են մեծամասնությունը, խորհրդարանական փոխարամասնություն են դարձել նրանց թշնամիները՝ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմնակիցներն ու ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի գլխավորած «Պատիվ ունեմ» դաշինքը: Այն որ, նրանց համար միասին աշխատելը հեշտ չի լինի, պարզ դարձավ առաջին իսկ նիստում»:
Հոդվածագիրը շեշտում է, որ «ընդդիմությունը չի փորձել խոչընդոտել վարչապետի նշանակման ընթացակարգին, սակայն դրանից անմիջապես հետո իրարանցում է ստեղծել ցանկացած առիթով», հատկապես պատգամավորների անուններն ընթերցելիս, երբ ընդունված կարգի համաձայն յուրաքանչյուրի անվան հայտարարմանը ծափողջյուններ են հաջորդում:
Բոյկոտի պատճառ է դարձել ընդդիմադիր դաշինքի ներկայացուցիչներից մի քանիսի կալանավորումը, որոնցից երկուսը՝ Մեղրիի նախկին քաղաքապետ Մխիթար Զաքարյանը և Սիսիանի նրա գործընկեր Արթուր Սարգսյանն, անգամ անցել են խորհրդարան, սակայն շարունակում են կալանքի տակ մնալ:
Արարողության ավարտին ելույթ է ունեցել «Հայաստան» դաշինքի անդամ Սեյրան Օհանյանը՝ ուշադրություն հրավիրելով այն հանգամանքի վրա, որ խորհրդարանի պատգամավորներն առանց օրենսդիր մարմնի թույլտվության չեն կարող զրկվել անձեռնմխելիությունից և կալանքի տակ առնվել:
Զրուցելով «Կոմերսանտ»-ի հետ՝ քաղաքական վերլուծաբան Արմեն Բաղդասարյանը նշել է, որ Փաշինյանը և նրա թիմն առաջիկայում զբաղվելու են ներքին խնդիրներով: «Այդպես նրանց ավելի հարմար է: Նրանք կնախընտրեն աշխատանքի այդ հարթությունը՝ փորձելով հնարավորինս շատ ձգձգել կարևոր հարցերի լուծումը, որոնք առնչվում են արտաքին քաղաքականությանը՝ Ղարաբաղին, Հայաստանի սահմաններին և Ադրբեջանի հետ հակամարտությանը»,- կարծիք է հայտնել քաղաքական մեկնաբանը:
Քաղաքագետ Հրանք Միքայելյանն, իր հերթին, ընդգծել է, որ «նոր խորհրդարանում իշխանության և ընդդիմության միջև կառուցողական երկխոսություն սպասել պետք չէ»: Նրա կարծիքով՝ 8-րդ գումարման խորհրդարանը սուր բանավեճերի հարթակ է դառնալու: