Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Մոսկվայում սպասվում են բավականաչափ ծանր բանակցություններ». Նաիրա Զոհրաբյանը Փաշինյանին հրավիրում է Ազգային ժողով

ՀՀ ազգային ժողովի պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն առաջարկում է արտահերթ նիստից հետո հրավիրել հրատապ նիստ՝ վարչապետի պաշտոնակատարի, ԶՈՒ-ի, ՊՆ-ի ղեկավար մարմինների հետ քննարկելու սահմանային իրավիճակը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Զոհրաբյանն այս մասին ասաց ԱԺ արտահերթ նիստում:

«Սահմանային լարվածությունը հայ-ադրբեջանական սահմանին դեռ շարունակվում է: Նախօրեին ես հրապարակավ դիմել էի ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին՝ առաջարկելով հրավիրել արտակարգ նիստ և քննարկել այն իրավիճակը, որ այսօր տեսնում ենք սահմանին: Երեկ Վարդենիսում անօդաչուներ էին թռչում, մենք ունենք երեք զոհ, ցավակցում եմ զոհերի ընտանիքին: Եվ ասել, թե Ադրբեջանը պահելու է գրավոր և բանավոր պայմանավորվածությունները, մեծ բլեֆ է»,- նշեց Զոհրաբյանը:

Պատգամավորը հավելեց՝ իր առաջարկը մնում է ուժի մեջ, պնդեց, որ արտահերթ նիստից հետո պետք է հրավիրել նիստ, հրավիրել վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին, Զինված ուժերի, Պաշտպանության նախարարության ղեկավար մարմիններին, և, եթե անհրաժեշտություն կա, փակ ֆորմատով քննարկել ստեղծված իրավիճակը: Նա նշեց՝ առաջիկայում Մոսկվայում սպասվում են եռակողմ, բավականաչափ բարդ բանակցություններ:

«Հիմա իսկապես կոնսոլիդացվելու, միասնական քայլերով թուրք-ադրբեջանական տանդեմին գրագետ, համախմբված, ճիշտ քայլերով հակադարձելու ժամանակն է»,- ասաց Զոհրաբյանը՝ շեշտելով, որ Ադրբեջանը խախտում է գրավոր և բանավոր բոլոր պայմանավորվածությունները:

Ադրբեջանը սադրանքների է դիմում հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում: Ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները հուլիսի 28-ին ժամը 03:40-ից հերթական անգամ դիմել էին սադրանքի և խախտել հրադադարը հայ-ադրբեջանական սահմանի հյուսիս-արևելյան հատվածում: Հուլիսի 29-ի ժամը 03:00-ի սահմաններում Ադրբեջանը, խախտելով նախորդ օրը ձեռք բերված` կրակի դադարեցման վերաբերյալ պայմանավորվածությունը, կրկին դիմել էր սադրանքի` հրաձգային զինատեսակներից կրակ բացելով հայկական դիրքերի ուղղությամբ: ՀՀ ԶՈւ հակաօդային պաշտպանության ստորաբաժանումները, հուլիսի 29-ին ժամը 23:00-ից սկսած, կասեցրել են հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում ԱԹՍ-ների` ՀՀ օդային տարածք մուտք գործելու փորձերը:

Please enter a valid URL