Հայ-Ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում փոխհրաձգությունը տեղի է ունեցել գիշերն ու լուսադեմին։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը։
«Դա տեղի է ունեցել այն դիրքի ուղղությամբ, որտեղ երեկ թեժ մարտեր էին ընթացել, մեկ վիրավոր ունենք, ուսի շրջանում է վիրավորումը, վիրահատել են, ամեն ինչ նորմալ է», — ասաց Սանոսյանը։
Հարցին, թե ինչո՞ւ է փակ Կութ գյուղի մուտքը, Գեղարքունիքի մարզպետն ասաց, թե դա պայմանավորված է անվտանգության նկատառումներով։
«Կութի հարակից տարածքում հակառակորդի կողմից դեռ մայիսի 13-14-ից կա որոշակի առաջխաղացում, որոշում է կայացվել, որ այդպես վարվենք», — ասաց նա։
Գնել Սանոսյանի խոսքով՝ Սոթքի հանքի աշխատակիցներն ու տեխնիկայի որոշ մաս դուրս է բերվել ու հանքն այս պահին չի աշխատում։