Search
Close this search box.

4 վիրավորներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է. նա երկու անգամ է վիրավորվել. Սահակ Օհանյան

Այսօր հայ-ադրբեջանական սահմանին մեր 4 վիրավորներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է, երկուսի վիճակը բավարար է, մեկինը՝ միջին ծանրության: Այս մասին հայտնել է ՀՀ ԶՈՒ ռազմաբժշկական վարչության պետ Սահակ Օհանյանը:

Նրա խոսքով, մեկ վիրավոր առավոտյան 10.30-ին արդեն տեղափոխվել է կենտրոնական հոսպիտալ. «Ներկա պահին ընթանում է վիրահատություն: Երկու վիրավոր գտնվում են դեպի կենտրոնական հոսպիտալ տեղափոխման ճանապարհին, մեկ վիրավոր բուժումը շարունակելու է կայազորային հոսպիտալում, նրա տեղափոխման խնդիր չկա:

Մտահոգում է ժամկետային զինծառայող Վաչագան Արտուշի Մարտիրոսյանի վիճակը, ում վիճակը բժիշկների կողմից գնահատված է ծայրահեղ ծանր: Նա երկու անգամ է վիրավորում ստացել. առաջին անգամ ազդրի շրջանում, երկրորդ անգամ՝ հակառակորդի կողմից կիրառված ականանետի պայթյունից դեմքի ու պարանոցի շրջանում վիրավորում է ստացել: Կայազորային հոսպիտալում անհրրաժեշտ առաջին վիրաբուժական օգնությունը ցուցաբերվել է, վիճակը կայունացվել է եւ ռեանիմացիոն մեքենայի աջակցությամբ ներկայումս գտնվում է ճանապարհին»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ հուլիսի 28-ին, ժամը 03:40-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները հերթական անգամ դիմել են սադրանքի եւ խախտել հրադադարը հայ-ադրբեջանական սահմանի հյուսիս-արեւելյան հատվածում: Ըստ ՊՆ–ի հաղորդագրության՝ ընթացել են տեղային մարտեր:

Ավելի ուշ, ՊՆ–ից հայտնեցին, որ ՌԴ խաղաղապահ զորքերի հրամանատարության միջնորդությամբ ձեռք է բերվել պայմանավորվածություն հյուսիս-արեւելյան ուղղությամբ հայ-ադրբեջանական զորքերի շփման գծում հրադադարի ռեժիմը վերականգնելու վերաբերյալ։ Այս պահին, նշված պայմանավորվածությունը հիմնականում կատարվում է։

Ադրբեջանական հարձակման հետեւանքով հայկական կողմը 3 զոհ, 4 վիրավոր ունի։

Please enter a valid URL