Այս գիշեր ադրբեջանական հարձակման հետեւանքով զոհված զինծառայողներից մեկը՝ Դավիթ Գառնիկի Քոչարյանը, Տավուշի մարզի Չինչին գյուղից էր, ծնված 2001 թվականին։
Դավիթ Քոչարյանը մեկ տարվա զինծառայող էր, 44–օրյա պատերազմի մասնակից։ Ընտանիքի կրտսեր երեխան էր, իրենից մեծ մի քույր ունի։
Հիշեցնենք, որ հուլիսի 28-ին, ժամը 03:40-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները հերթական անգամ դիմել են սադրանքի եւ խախտել հրադադարը հայ-ադրբեջանական սահմանի հյուսիս-արեւելյան հատվածում: Ըստ ՊՆ–ի հաղորդագրության՝ ընթացել են տեղային մարտեր: Ժամը 08։30-ի դրությամբ, հայկական կողմն ունի երեք զոհ եւ 4 վիրավոր։
Ըստ ՊՆ-ի՝ ժամը 9։20-ի դրությամբ, ադրբեջանական ստորաբաժանումները, տալով կորուստներ, ետ են շպրտվել իրենց ելման դիրքեր։ Փոխհրաձգությունը շարունակվում է:
Ավելի ուշ, ՊՆ–ից հայտնեցին, որ ՌԴ խաղաղապահ զորքերի հրամանատարության միջնորդությամբ ձեռք է բերվել պայմանավորվածություն հյուսիս-արեւելյան ուղղությամբ հայ-ադրբեջանական զորքերի շփման գծում հրադադարի ռեժիմը վերականգնելու վերաբերյալ։ Այս պահին, նշված պայմանավորվածությունը հիմնականում կատարվում է։