Բրիտանական Metro լրատվամիջոցն ուշադրություն է հրավիրել Հայաստանում 30 տարի վանդակում ոչ պատշաճ պայմաններում պահվող մի արջի պատմության: Կայքը գրում է՝ «Նելսոն» անունով արջը վանդակում է արդեն 30 տարի, և կարծում են, թե նա կույր է:
Կենդանիների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպությունները նշել են, որ արջին վանդակում պահող տղամարդը պնդում է, որ սիրում է արջին և հրաժարվում է հանձնել նրան: Լրատվամիջոցը գրում է՝ տեղացիները նշում են, որ արջը հաճախ օրերով մնում է առանց սննդի:
Կենդանիների փրկության միջազգային կազմակերպությունը դեպքը անվանել է կենդանիների նկատմամբ բռնության ամենատխուր դեպքերից: Այն կոչ է անում ՀՀ կառավարությանը միջամտել և տիրոջը ստիպել հրաժարվել Նելսոնից:
Կազմակերպությունը արջի պահման պայմանները սարսափելի է անվանել: Այն հայտարարությամբ ասել է. «Նելսոնը մեր՝ երբևէ տեսած ամենատխուր արջերից մեկն է: Նա 30 երկար տարիներ է անցկացրել այս սարսափելի վանդակում»:
Կազմակերպությունը խոստացել է գործել՝ արջին փրկելու և խնամելու համար: Կազմակերպության գործադիր տնօրեն Ալան Նայթը հավելել է, որ Նելսոնը տառապել է՝ ողջ կյանքի ընթացքում փոքր վանդակում փակված լինելով, կոտրել է ատամները՝ ճաղերը կրճտացնելով:
Լրատվամիջոցը գրում է՝ Հայաստանում կազմակերպության գործընկեր Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը ավելի ու ավելի է անհանգստացած Նելսոնի վիճակով:
Հիմնադիր և տնօրեն Ռուբեն Խաչատրյանը շեշտել է կառավարության հրատապ քայլերի անհրաժեշտությունը՝ փրկելու այդ ծեր արջին, որպեսզի կենդանին կարողանա իր մնացած տարիներն անցկացնել հիմնադրամի խնամքի տակ:
«Ամոթ այն մարդուն, ով 30 տարի կենդանուն պահել է այսպիսի վիճակում: Նա, անկասկած, պիտի որ աշխարհի ամենատխուր արջը լինի, որ այսքան երկար ժամանակ ապրում է ցավի ու խավարի մեջ»,-ասել է նա ու համոզմունք հայտնել, որ եթե կառավարությունն իմանա այդ մասին, երես չի դարձնի:
2017թվականին Կենդանիների փրկության միջազգային կազմակերպությունը և Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը սկսել են «Մեծ արջ փրկարարական աշխատանքները»՝ փորձելու փրկել Հայաստանում վանդակներում պահվող բոլոր արջերին: Մինչ այժմ նրանք փրկել են 30 արջի, բայց կարծում են, որ դեռ հավանաբար 50-ը օգնության կարիք ունի: