Search
Close this search box.

Ու՞ր են «կորել» Ավանի հոգեբուժարանում բուժում ստացող 27 անձինք. դատախազության բացահայտումը

«Ավան» հոգեկան առողջության կենտրոնում արտահիվանդանոցային հարկադիր բուժման և հսկողության մեջ գտնված 93 անձանցից 27-ը տևական ժամանակ չեն հաճախել կենտրոն։ Խոսքն այն մարդկանց մասին է, որոնց նկատմամբ հարկադիր բուժման կամ հսկողության որոշումներ են կայացվել դատարանների կողմից տարբեր ժամանակահատվածներում։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը։

«Այդ 27 անձանց վերաբերյալ բժշկական փաստաթղթերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ նրանցից 6-ը տևական ժամանակ դիսպանսեր չհաճախելու, անհրաժեշտ դեղորայք չստանալու արդյունքում առողջական վիճակի վատթարացման պատճառով գտնվել է ստացիոնար բուժման մեջ այլ հոգեբուժական հաստատություններում, 9-ը բացակայել է ՀՀ-ից, 2-ը ներկայումս պատիժ է կրում ՀՀ ԱՆ տարբեր ՔԿՀ-ներում, իսկ 10-ի մասով ոստիկանության աշխատակիցները պարբերաբար պարտավորեցրել են ներկայանալ «Ավան» ՀԱԿ ՓԲԸ՝ վերջիններից վերցնելով գրավոր պարտավորագրեր, սակայն այդ անձինք դրանից հետո ևս դիսպանսեր չեն հաճախել»,- նշված է հաղորդագրության մեջ։

Դատախազությունը պարզել է, որ նշված անձանցից ոմանք նախկինում անմեղսունակության վիճակում կատարել են նույնիսկ առանձնապես ծանր և հանրային մեծ վտանգավորություն ներկայացնող արարքներ՝ սպանություն, դիտավորությամբ առողջությանը ծանր կամ միջին վնաս հասցնել և այլն։

Պարզվել է նաև, որ «Ավան» ՀԱԿ-ից պարբերաբար գրություններ են ուղարկվել բուժվող հիվանդի բնակության վայրի տարածքային ոստիկանության բաժին, սակայն առկա օրենսդրական կարգավորումների արդյունքում որևէ գործնական միջոց չի կիրառվել բուժումից խուսափող անձանց հայտնաբերելու ուղղությամբ:

Ստուգման ընթացքում արձանագրվել են դեպքեր, երբ արտահիվանդանոցային հարկադիր բուժում նշանակելուց կարճ ժամանակ անց անձը հատել է ՀՀ պետական սահմանն ու այլևս չի վերադարձել: Փաստորեն, դատարանների կողմից կայացված դատական ակտերը փաստացի չեն կատարվել:

Դատախազությունը նշում է օրենսդրական այն բացերը, որոնց հետևանքով նման իրավիճակ է ստեղծվել։ Պատճառներից մեկն այն է, որ արկադիր բուժումից խուսափող անձանց հարկադիր կարգով բժշկական հիմնարկներ բերման ենթարկելու իրավասություն ոստիկանությունը չունի։

Հաշվի առնելով այս ամենը՝ ՀՀ գլխավոր դատախազությունում մշակվել է «ՀՀ ոստիկանության մասին», ՀՀ քրեական օրենսգրքում, ինչպես նաև ՀՀ կառավարության 2006թ.-ի հունիսի 22-ի N 884-Ն որոշման մեջ փոփոխությունների փաթեթի նախագիծ, որն արդեն ուղարկվել է ՀՀ արդարադատության նախարարություն:

Առաջարկվում է սահմանել, որ ոստիկանությունը օրենքով սահմանված կարգով և դեպքերում պարտավոր է հոգեբուժական կազմակերպություն բերման ենթարկել հարկադիր բուժումից խուսափող անձանց:

Առաջարկվում է նաև դատարանին իրավունք վերապահել հոգեբույժի մոտ հարկադիր արտահիվանդանոցային հսկողություն և հարկադիր բուժում նշանակելիս անձի վրա դնել առանց դատարանի որոշման մշտական բնակության վայրը չփոխելու և (կամ) ՀՀ տարածքը չլքելու պարտականություն:

Please enter a valid URL