Աֆղանստանում անցած 24 ժամերի ընթացքում ռազմական և անվտանգության ուժերը ոչնչացրել են արմատական «Թալիբան» շարժման առնվազն 175 զինյալի, ևս 84-ը վիրավորվել են: Այս մասին կիրակի՝ հուլիսի 25-ին, հաղորդել է երկրի Պաշտպանության նախարարությունը:
Նախարարության տվյալներով՝ ռազմական գործողություններ են իրականացվել Նանգարհար, Պակտիկա, Լոգար, Գազնի, Կանդահար, Հերաթ, Բալխ, Ջաուզջան, Սամանգան, Սարի Պուլ, Հելմանդ, Բադախշան, Կունդուզ և Բաղլան նահանգներում:
Նաև անվտանգության ուժերը հայտնաբերել և վնասազերծել են 9 ինքնաշեն պայթուցիկ սարքեր, որոնք տեղադրված են եղել զինյալների կողմից ճանապարհներին:
Ինչպես երեկ հայտնել ենք, Աֆղանստանի իշխանությունները 34 նահանգներից 31-ում գիշերային պարետային ժամ են սահմանել ՝ «Թալիբան» շարժման գործունեությունը զսպելու համար: