ԵԱՀԿ-ին անհանգստացնում են Հայաստանի և Ադրբեջանի սահմանի երկայնքով, վերջերս `Երասխ / Սադարակի մերձակայքում գրանցված միջադեպերը: Factor.am-ի հարցմանը, թե ինչ դիրքորոշում ունեն ԵԱՀԿ-ում ադրբեջանական զորքերի կողմից Երասխի հատվածում հայկական դիրքերի ուղղությամբ կրակ բացելու վերաբերյալ՝ այսպես են պատասխանել կառույցի հաղորդակցության և լրատվության հետ կապերի բաժնից (հարցումն ուղարկվել էր մինչ Գեղարքունիքի մարզի Կութ համայնքի հայկական դիրքերը Ադրբեջանի կողմից հրթիռակոծվելը – Factor.am)։
«Մենք կողմերին հորդորում ենք պահպանել հանգստություն ու զսպվածություն, զերծ մնալ սադրիչ գործողություններից և հնարավորինս շուտ վերադառնալ Մինսկի խմբի համանախագահների գլխավորած բանակցություններին»,- նշված է պատասխանում։
Ավելի վաղ հայտնել էինք, որ հուլիսի 19-ին ադրբեջանական ԶՈՒ-ն մի քանի ժամ շարունակ տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից գնդակոծել է հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերը: Պարբերաբար կիրառվել են նաև ականանետներ։ Հակառակորդի արձակած կրակոցից ուսի հատվածում վնասվածք է ստացել Երասխ համայնքի ղեկավար Ռադիկ Օղիկյանը:
Հիշեցնենք նաև, որ սահմանային լարվածության վերաբերյալ իր անհանգստությունն էր հայտնել ԱՄՆ պետդպարտամենտը։ «Մեզ անհանգստացնում են վերջերս Հայաստանի և Ադրբեջանի սահմանի երկայնքով՝ Երասխ/Սադարակի մերձակայքում գրանցված միջադեպերը: Միացյալ Նահանգները՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր, խորապես հավատարիմ է բոլոր կողմերի հետ աշխատանքին ՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության երկարաժամկետ քաղաքական կարգավորմանը հասնելու համար։ Մենք կողմերին հորդորում ենք հնարավորինս շուտ վերադառնալ Մինսկի խմբի համանախագահության գլխավորած բանակցություններին»,- ասված էր Factor.am-ին ուղարկված ԱՄՆ Պետդեպարտամենտի պատասխանում։