Search
Close this search box.

Հայ մարզիկների ելույթների ժամանակացույցը

Այսօր՝ Երևանի ժամանակով 15:00-ին, Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում տեղի կունենա 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի բացման արարողությունը: Հայաստանի դրոշակակիրներն են լողորդ Վարսենիկ Մանուչարյանը և բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը:

Մարզաշխարհի գլխավոր ստուգատեսում Հայաստանը ներկայացնելու է 17 մարզիկ, որոնք մեդալների համար կպայքարեն 8 մարզաձևում՝ ըմբշամարտ, բռնցքամարտ, ծանրամարտ, ձյուդո, լող, աթլետիկա, սպորտային մարմնամարզություն, հրաձգություն: Ներկայացնում ենք հայ մարզիկների ելույթների ժամանակացույցը՝ ըստ Երևանի ժամանակի:

Հայաստանի օլիմպիական հավաքականից առաջինը պայքարի դուրս կգա սպորտային մարմնամարզիկ Արթուր Դավթյանը, որը հանդես է գալու հենացատկ և նժույգթափեր մրցաձևերում: Հուլիսի 24-ին` 05:00-ից, կմեկնարկի սպորտային մարմնամարզության որակավորման փուլը, Դավթյանը պայքարի դուրս կգա 09:30-ից: Որակավորման փուլը հաղթահարելու դեպքում օգոստոսի 1-ին՝ ժամը 13:44-ին, Դավթյանը կմասնակցի նժույգթափերի եզրափակչին, իսկ օգոստոսի 2-ին՝ 13:54-ին, հենացատկի:

Հուլիսի 25-ին մեդալային պայքարը կսկսեն բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը (63 կգ քաշային կարգ) և հրաձիգ Էլմիրա Կարապետյանը: Էլմիրա Կարապետյանը 10 մ օդամղիչ ատրճանակ մրցաձևի որակավորման փուլում պայքարը կսկսի 04:00-ին, եզրափակիչը նախանշված է 06:15-ին: Եվրոպայի կրկնակի չեմպիոն Հովհաննես Բաչկովը ժամը 08:06-ին 1/16 եզրափակչում կմրցի Անտիգուա և Բարբուդան ներկայացնող Ռայան Ալստոնի հետ:

Հուլիսի 26-ին մրցելույթներ կունենան ձյուդոիստ Ֆերդինանդ Կարապետյանը (73 կգ) և բռնցքամարտիկ Կորյուն Սողոմոնյանը (52 կգ): Ձյուդոյի մրցումները կմեկնարկեն 06:00-ից. 1/16 եզրափակչում Կարապետյանի մրցակիցը կլինի Ղազախստանի ներկայացուցիչ Ժանսայ Սմագուլովը: 12:15-ին ռինգ դուրս կգա Կորյուն Սողոմոնյանը, որը 1/16 եզրափակչում կմենամարտի Անգլիան ներկայացնող Ջալալ Յաֆայի հետ։

Հուլիսի 27-ին` 06:50-ին, կմեկնարկի ծանրամարտի կանանց 59 կգ քաշային կարգի մրցումը, որտեղ հանդես կգա Իզաբելլա Յայլյանը: Նույն օրը պայքարի դուրս կգա լողորդ Արթուր Բարսեղյանը. 100 մետր ազատ ոճի մրցումը կսկսվի Երևանի ժամանակով 14:00-ին:

Հուլիսի 28-ը լողորդ Վարսենիկ Մանուչարյանի մրցման օրն է: Նրա մրցելույթը 100 մետր ազատ ոճում կմեկնարկի 14:00-ին:

Հուլիսի 29-ին առաջին մենամարտը կանցկացնի Արման Դարչինյանը (75 կգ), որը 06:30-ին 1/8 եզրափակչում կմրցի Անդրեյ Շեմեզ (Սլովակիա) — Աարոն Սոլոմոն (Տրինիդադ Տոբակո) զույգի հաղթողի հետ։

Հուլիսի 30-ին արդեն 50 մետր, ազատ ոճում հանդես կգա լողորդ Արթուր Բարսեղյանը, պայքարը կսկսվի 14:00-ից:

Օգոստոսի 1-ից կմեկնարկեն հունահռոմեական ոճի ըմբշամարտի մրցումները, որտեղ Հայաստանն ունի 4 ներկայացուցիչ: Այդ օրը 60 կգ քաշային կարգում հանդես կգա Արմեն Մելիքյանը, գոտեմարտի մեկնարկը` 06:00-ին: Օգոստոսի 2-ին մեդալային պայքարը կսկսեն Կարապետ Չալյանը (77 կգ) և Արթուր Ալեքսանյանը (97 կգ), գոտեմարտերի մեկնարկը նախանշված է 06:30-ին:

Օգոստոսի 3-ին Հայաստանի օլիմպիական թիմից պայքարի դուրս կգա 3 մարզիկ: Աթլետ Լևոն Աղասյանը մեդալի համար կպայքարի եռացատկում, մրցումը կմեկնարկի 04:00-ին: Հունահռոմեական ոճի ըմբիշ Կարեն Ասլանյանի (67 կգ) մեկնարկային գոտեմարտը նախանշված է 06:30-ին, իսկ 14:50-ից Օլիմպիական խաղերի չեմպիոնի կոչման համար կպայքարի ծանրորդ Սիմոն Մարտիրոսյանը (109 կգ):

Օգոստոսի 4-ին պայքարի դուրս կգա ազատոճային ըմբիշ Արսեն Հարությունյանը (57 կգ), իսկ օգոստոսի 6-ին՝ Վազգեն Թևանյանը (65 կգ), երկուսի մեկնարկային գոտեմարտն էլ կսկսվի 06:30-ին:

Please enter a valid URL