Search
Close this search box.

ՏԻՄ ընտրություններից առաջ իրավիճակը թեժանում է․ Գյումրու քաղաքապետը մերժել է գործող իշխանության առաջարկը

Հոկտեմբերի 17-ին Գյումրիում, ինչպես Հայաստանի բազմաթիվ այլ համայնքներում, սպասվում են ավագանու ընտրություններ:
Քանի որ քաղաքապետի ուղղակի ընտրություններ այլևս չեն անցկացվում, և ընտրություններում հաղթած կուսակցության առաջին համարն էլ հենց ընտրվում է քաղաքապետ, իշխանությունը որոշել է Գյումրիում գնալ ամենապարզ ճանապարհով՝ առաջարկելով գործող քաղաքապետ Սամվել Բալասանյանին ավագանու ընտրություններում առաջնորդել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համամասնական ցուցակը:

Առաջարկը, ըստ մեզ հասած լուրերի, Բալասանյանին արվել է տարածքային կառավարման նախարար Սուրեն Պապիկյանի կողմից, ինչը նշանակում է, որ այն համաձայնեցված է եղել Նիկոլ Փաշինյանի հետ:

Ի պատիվ Բալասնյանի, պետք է ասել, որ նա հրաժարվել է ճամբարափոխ լինել` պատասխանելով, որ ինքը ավելի շուտ չի մասնակցի ընտրություններին, քան կմասնակցի Քաղպայմանագրի ցուցակով: Դրանից հետո իշխանությունը սկսել է շանտաժ անել Բալասնայանին, շրջանառության մեջ դնելով օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանին առաջադրելու տարբերակը:

Ալեքսանյանը հիմա Տոկիոյում է, ուր մասնակցելու է օլիմպիական խաղերին, և իշխանությունների տրամաբանությամբ, եթե նա կարողանա հերթական օլիմպիական ոսկին նվաճի, ապա գյումրեցիները իրենց ձայնը կտան հենց նրա գլխավորած ցուցակին: Մյուս կողմից Սամվել Բալասանյանն էլ չցանկանալով նույնացվել գործող իշխանության հետ, չի ցանկանում ասոցացվել նախկինների հետ:

Եթե նա որոշի մասնակցել ընտրություններին, ապա դա կանի իր իսկ ստեղծած «Գյումրեցու ոգի» կուսակցության միջոցով: Կուսակցության անվանումն արդեն լրացուցիչ մոտիվացիա է իրենց ձայնը տալու այդ կուսակցությանը, քան երևանաստեղծ ցանկացած այլ կուսակցության: Այնպես որ, եթե Բալասանյանը որոշի իսկապես հակադրվել իշխանությանը, Գյումրիում կարելի է սպասել հետաքրքիր և անկանխատեսելի զարգացումների:

ArmLife.am

Please enter a valid URL