Ռուս խաղաղապահները Լեռնային Ղարաբաղի գյուղատնտեսական դաշտերը մաքրել են «Ուրագաններից»։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։
«Ռուս խաղաղապահ զորախմբի հումանիտար ականազերծման ինժեներասակրավորական ստորաբաժանման մասնագետները գնացել են Լեռնային Ղարաբաղի Մարտունու շրջան ու սահմանազատման գծի մոտ չպայթած զինամթերքի որոնման ու մաքրման խնդիրներ են իրականացրել», — նշված է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ աշխատանքների ընթացքում ավելի քան 5 հա տարածք ունեցող գյուղատնտեսական դաշտերում հայտնաբերվել և վնասազերծվել է շուրջ 30 տարբեր տեսակի զինամթերք, այդ թվում՝ հրետանային ականներ և արկեր, հակատանկային նռնակներ, նռնականետներ, համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի ռազմամթերք:
ՌԴ պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ ինժեներական հետախուզության ու պաշտպանության նորագույն միջոցներ են կիրառվել։
Հայտնաբերված զինամթերքներն ու պայթուցիկ առարկաները դուրս են բերվել հատուկ սարքավորված վայր, որպեսզի հետագայում ոչնչացվեն։
Այդ տարածքում աշխատանքներ կտարվեն շաբաթվա ընթացքում։
«Այս և հարակից բնակավայրերում իրականացված աշխատանքների ընթացքում հայտնաբերվել են հրետանային արկերի չպայթած զինամթերք, «Ուրագան» համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի ռազմամթերք և կասետային զինամթերքի մասեր։ Չնայած շոգ կլիմայական պայմաններին` ՕՎՐ-2-0,2 ականազերծման համազորային համազգեստով աշխատելը հարմար է, քանի որ այն հագեցած է օդափոխության համակարգով, որը մշտական ջերմաստիճան է պահպանում», — ասել է ռուսական խաղաղապահ զորախմբի ներկայացուցիչ Եվգենի Խոլոդը: