Search
Close this search box.

Ապրիլյանի թերացումների պատճառով հեռացված պաշտոնյան՝ պաշտպանության նախարարի թեկնածու.Արշակ Կարապետյանի անցած ուղին

Դեռևս նախորդ իշխանությունների կողմից համակարգից հեռացված և Փաշինյանի կառավարության հետ պաշտպանության նախարարություն վերադարձած, գեներալ–մայոր Արշակ Կարապետյանը մամուլի ուշադրության կենտրոնում հայտնվեց ապրիլյան պատերազմից հետո։ 2016–ին նա ԶՈՒ գլխավոր շտաբի հետախուզության վարչության պետ էր։ Ապրիլյան պատերազմից հետո Սերժ Սարգսյանի հրամանագրով նա ազատվեց աշխատանքից՝ պատերազմի ժամանակ հետախուզության կողմից թույլ տրված լուրջ բացթողումների պատճառով։ Ոչ պաշտոնական տեղեկությունների համաձայն, Արշակ Կարապետյանի ղեկավարած կառույցը ժամանակին չէր տեղեկացրել Արցախում ադրբեջանական ԶՈՒ-ի հարձակման մասին։ Սակայն օրվա իշխանությունը այդ բացթողումների համար քրեական գործ չհարուցեց, բավարարվեց նրան հեռացնելով։ Շուրջ 2 տարի անց նա Ռուսաստանում Հայաստանի դեսպանատանը կից ռազմական կցորդի պաշտոնում նշանակվեց։

Արդեն իշխանափոխությունից հետո Սերժ Սարգսյանն ուղիղ տեքստով հայտարարեց, որ քառօրյայի ժամանակ մեր հետախուզությունը թերացել է, իսկ նրան ռազմական կցորդ նշանակելով պաշտոնը իջեցրել են։

Փաշինյանի իշխանության գալուց հետո Կարապետյանը տեղափոխվեց Հայաստան և նշանակվեց վարչապետի խորհրդական։ Կարծիք կա, որ իշխանությանը մատուցած ծառայության համար նրան տրվեց այդ պաշտոնը։ Մարտի 1-ի գործով նա Ռոբերտ Քոչարյանի դեմ ցուցմունք տված միակ պաշտոնյան էր:

Կարճ ժամանակ անց Կարապետյանը նորից վերադարձավ պաշտպանության նախարարություն, այս անգամ գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի կարգավիճակով։ Այսօր նա նշանակվեց Պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, եւ ամենայն հավանականությամբ, ապագայում կնշանակվի նախարար։

Այս առիթով ֆեյսբուքյան օգտատերերը հիշեցին, թե ժամանակին այս իշխանության ներկայացուցիչները ինչպես էին քննադատում նախորդներին՝ ապրիլյանից հետո Արշակ Կարապետյանին կառավարման համակարգում պահելու համար։

Արշակ Կարապետյանը, ըստ մամուլի տեղեկությունների, պետական աշխատանքին զուգահեռ զբաղվել է նաև բիզնես գործունեությամբ։ Նա համարվում է պաշտպանության ոլորտի ամենաունևոր պաշտոնյաներից մեկը։ 1999 թվականին հիմնել է «Էլկոմպ» ՍՊԸ-ն, որը զբաղվում է անվտանգության համակարգերով։ Իր գործունեության ամբողջ ընթացքում ընկերության հիմնական պատվիրատուները պետական տարբեր կառույցներն են եղել, այդ թվում ՊՆ–ը։ Նա նաև շքեղ առանձնատուն ունի Սևքարեցի Սաքոյի 39 հասցեում։ Առանձնատունը Արշակ Կարապետյանը կառուցել է պաշտոնավարման տարիներին։

Այդուհանդերձ, Կարապետյանի հայտարարագիրը չի տարբերվում հայ մյուս մեծահարուստների հայտարարագրերից. նրա ընտանիքի անդամներն ու, մասնավորապես, կինն ավելի հարուստ են, քան ինքը՝ Կարապետյանը։

Please enter a valid URL