Այսօր Կրեմլի խոսնակից հայտնի դարձավ, որ նախապատրաստվում է Ալիեւի այցը Մոսկվա, այնուհետեւ հայտարարվեց, որ այցը տեղի է ունենալու վաղը: Ըստ խոսնակի, Պուտինն ու Ալիեւը քննարկելու են երկկողմ հարաբերություններն ու Ղարաբաղը, ինչպես նաեւ «ճշտելու են ժամացույցները»: Մոտավորապես նույն ձեւակերպումներն են, ինչ Փաշինյանի այցի պարագայում, որի հետ հանդիպմանը Պուտինը խոսել էր «պողպատե մանդատով» սուր ու ցավոտ որոշումներ կայացնելու մասին: Ալիեւի հետ Պուտինը թերեւս քննարկելու է այդ որոշումները պարտադրելու հարցը, եւ պետք է կարծել, որ Հայաստանի դեմ նոր հարված է նախապատրաստվում:
Նման եզրակացության կարելի է հանգել նախօրեին մոսկովյան ու Բաքվի զլմ-ների բարձրացրած իսկական հիստերիայից, որի առիթը Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի այցն էր Հայաստան՝ Հայաստանին Եվրամիության աջակցության մեծ փաթեթով, ինչպես նաեւ Ֆրանսիայի նախագահ Մակրոնի առաջիկա այցը Երեւան:
Մոսկովյան ու Բաքվի զլմ-ներից մեջբերումներ. «Հայաստանը դուրս է գալիս Ռուսաստանի աշխարհքաղաքական ազդեցության ուղեծրից: Փաշինյանը Վաշինգտոնի ու Բրյուսելի օգնությամբ Ռուսաստանին վերջնականապես դուրս է մղում Կովկասի քաղաքական-տնտեսական տարածությունից, ռազմավարական հարաբերություններ զարգացնելով եվրատլանտյան ինստիտուտների հետ: Եռակողմ հայտարարությունը, մասնավորապես Զանգեզուրի միջանցքը դրվել է կասկածի տակ, Արեւմուտքը դրա փոխարեն առաջարկում է Հյուսիս-հարավ նախագիծը: Միշելը Երեւան է մեկնել աջակցության մեծ փաթեթով, փոխարենը Բաքվի համար ոչինչ նախատեսված չէ: Երեւանը դառնում է Փարիզի ֆորպոստը: Մակրոնն ու Փաշինյանը քննարկում են նոր պլան, որով առաջարկվում է վերանայել Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ ՄԱԿ ԱԽ նախորդ բանաձեւը: Փարիզը ձգտում է ստեղծել ստատուս-քվո, որի արդյունքում ֆրանսիական զորքերը կարող են մտնել Հարավային Կովկաս, կանգնել հայ-ադրբեջանական սահմանին եւ հնարավոր է մտնել Ղարաբաղ: Ֆրանսիան կարող է ճանաչել Լեռնային Ղարաբաղը»:
Քարոզչական ահա այս ֆոնին Պուտինը Ալիեւին կանչել է Մոսկվա: Պուտինն ու Ալիեւը փորձելու են կանխել Ֆրանսիայի նախագահի հնարավոր քայլերը: Մյուս կողմից, Մոսկվայի ու Բաքվի՝ Հայաստանին կապիտուլյանտական պայմանագրեր պարտադրելու եւ Ֆրանսիային խոչընդոտելու քայլերը Արցախի ճանաչումը դարձնում են անայլընտրանք:
Որեւէ հպատակություն Հայաստանի համար որեւէ լավ բան չի խոստանում: Փոխարենը, առկա են հնարավորություններ հայկական իրավունքներն ու պահանջները բարձրացնելու համար, ինքնիշխանության դիրքերից: ՀՀ վարչապետի ու ԱԳՆ-ի վերջին հայտարարություններն այնուամենայնիվ անորոշ են մնում գործնական քայլերի առումով:
lragir.am