Ռուս սահմանապահները դեռևս չեն տեղակայվել Կութ գյուղում, սակայն դիտարկման համար երկու անգամ այցելել են Գեղարքունիքի սահմանային դարձած գյուղ։ Համայնքի ղեկավար Սիմա Չիտչյանը «Փաստինֆո» -ի հետ զրույցում տեղեկացրել էր, որ հունիսի վերջին գյուղ են եկել հրամկազմի ներկայացուցիչներ, տարածքներ են դիտարկել՝ տեղակայվելու համար, ապա հայտնել, որ 15 օրից կգան։ Հուլիսի սկզբին լրացել է ժամկետը, բայց գյուղում սահմանապահներին դեռ չեն տեսել։
«Դրանից հետ մի անգամ էլ են եկել, նայել գյուղում գազ, բան չկա, ասել են հարմարություն չկա, ընտանիքներով են գալու էստեղ։ Այլ գյուղում են ապրելու ու էստեղ գան պոստի ու դեռ ոչ մեկ չկա, դեռ չեն եկել։ Մեր գյուղում ռուս չկա»։
Մինչև օրս սահմանապահները գյուղում տեղակայված չեն, ավելին՝ ադրբեջանցիներն ամեն օր ավելի են ամրապնդվում Կութի բարձունքներում։ Յուրաքանչյուր դիրքում 3-4 վրան էր տեղադրված, ադրբեջանական կողմի շարժը հստակ չեն տեսնում, բայց նկատել են, որ նոր վրաններ են տեղակայել։
«Մի քանի օր է՝ ավելացրած վրաններ կա տարածքում՝ իրենց վրանների կողքը։ Հեռադիտակով նայում ենք 3 հատ ավելացել է ՝ հինգ հատ կա»։
Անդրադառնալով իրադրությանը, Չիտչյանը նշեց, որ Սոթքի, Շորժայի հատվածում կրակոցներ եղել են, իսկ գյուղում մի անգամ են կրակոց լսել՝ երեկոյան ժամի։ Չիտչյանի փոխանցմամբ՝ գյուղի վերևի հատվածում՝ ադրբեջանցիների վերահսկողության տակ, մարդիկ շարունակում են խոտհարքը, սակայն աշխատանքները առանց տեխնիկա են իրականացնում։
«Գյուղացիները վախենալով են բարձրանում, տեխնիկա էլ չեն բարձրացնում, ամբողջը ձեռքով են քաղում արդեն հինգ, վեց օր է, բայց խախտումներ՝ կրակոցներ չեն եղել»։
Համայնքի ղեկավարի խոսքով գյուղացիների համար դժվար է նաև անասնապահությամբ զբաղվել՝ արոտ չկա, իրենց մնացել է չորացած մասը, բացի այդ էլ հունիսի 5-ին ադրբեջանցիները գողացել էին 80 գլուխ անասուններին ու հետ չեն վերադարձրել, պետությունից էլ փոխհատուցում չեն ստացել։ Անասունները պատկանում էին գյուղի 5 ընտանիքներին։
«Կաթ են առնում, մնացած հորթերին կերակրում։ Օրական 30-40 հազարի կաթ էին հանձնում, իսկ հիմա պարտքով կաթ են առնում։ Ընտանիքում աշխատող չկա, 19 կթի կովը տարան։ Պետական կաթի փոշի են առնում։ Շատ դժվար է։ Մինչև երբ կձգեն՝ չգիտեմ»։
Չիտչյանը նշում է՝ չնայած հիմա բնակիչները գյուղում են, բայց երկար այսպես ապրել չեն կարող, եթե շարունակվի իրավիճակն անփոփոխ մնալ, պատրաստ են նաև գյուղը լքել։
«Ներկա պահին բոլորը գյուղում են, իսկ եթե սենց շարունակվի ՝ անասունը սոված գնում գալիս է՝ չոր հողի վրա են արածում, խոտ չկա։ Ապրանքին փոխհատուցում, եթե չտան, ապա պարզ չի, որ գյուղացին կգնա, մնա ինչո՞վ ապրի։ Դեռ չգիտեմ ո՞նց կլինի, բայց դժվար է, գնալով ժողովուրդը ավելի է անհանգստանում», — ասաց համայնքի ղեկավարը։
Աղբյուր` Փաստինֆո