Search
Close this search box.

Ադրբեջանը ՀՀ տարածքից ավելին է ուզում, քան Փաշինյանի իշխանությունը պատրաստ է զիջել՝ սովետական քարտեզների հիման վրա

Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն ընդամենը խոստովանություն էր իրենց ձախողված քաղաքականության մասին, որ անընդհատ տարածքներ զիջելով, չեն կարողանում բավարարել Ադրբեջանի ախորժակը, իսկ վերջինս ավելին է ցանկանում ստանալ: «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց անվտանգության հարցերով փորձագետ Արմեն Մանվելյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե Ադրբեջանը մտադիր է նոր ռազմական բախումներ հրահրել Արցախում և հայ-ադրբեջանական սահմանին:

Փորձագետի դիտարկմամբ՝ Ադրբեջանը լայնամասշաբ պատերազմի պատրաստ չէ, բայց հաճախ կդիմի սահմանային սադրանքների, որպեսզի առաջ տա դիրքերը ՀՀ տարածքում և իր զորքերը տեղակայի:

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի մեկ այլ հայտարարությանը, որ Ադրբեջանը խոչընդոտում է տրանսպորտային և տնտեսական ենթակառուցվածքների ապաշրջափակմանը՝ զրուցակիցը նշեց, որ այս հայտարարությունը ևս մեկ անգամ փաստեց, որ գործող իշխանության «տարածքներ տանք, որ խաղաղ ապրենք» քաղաքականությունը ձախողված է:

Փորձագետի դիտարկմամբ՝ Ադրբեջանը չի պատրաստվում բավարարվել միայն Հայաստանի խորքային տարածքներով և փորձում է ստանալ ավելին, քան Հայաստանի իշխանությունները պատրաստ են զիջել.

«Թվում է, թե սահմանագծումն ամենաշատը Ադրբեջանին է ձեռնտու, որովհետև դա հօգուտ իրեն է, սակայն Ադրբեջանը չի պատրաստվում բավարարվել միայն Հայաստանի խորքային տարածքներով, իրեն պետք է ավելին, քանի, որ տեսնում է շատ թույլ, անողնաշար, վախկոտ իշխանություն և Ադրբեջանը պատրաստ է այս վախկոտ իշխանությանը մինչև վերջ ստիպել և ստանալ ավելին, քան իրենց պատրաստ են տալ: Ադրբեջանը շատ լավ հասկանում է, ովքեր են իր առջև կանգնած: Հասկանում են , որ այսօրվա իշխանությունները խղճուկ անձինք են, որոնք կարողանում են միայն սպառնալ սեփական քաղաքացիներին, ձերբակալել Սյունիքի համայնքապետերին, բայց նրանք ի վիճակի չեն

Ադրբեջանի դեմ ինչ-որ քայլ ձեռնարկել, օգտվելով նրանց թուլությունից՝ Ադրբեջանը ցանկանում է ստանալ ավելին, քան իշխանությունները պատրաստ են զիջել»,-ասաց փորձագետը:

Մեկնաբանելով հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում հակառակորդի ընդգծված ակտիվությունը, փորձագետն ասաց, որ

Ադրբեջանը պատրաստվում է վերահսկողություն սահմանել Հայաստանի՝ դեպի հարավ տանող ճանապարհի վրա.

«Հակառակորդը ցանկանում է ոչ միայն Տիգրանաշենը վերցնել, այլ նաև իր դիրքերն առաջ տալ: Կարևոր բարձունքները վերցրել են իրենց վերահսկողության տակ և շարունակում են առաջ շարժվել: Այստեղ վաղուց միայն Տիգրանաշենի խնդիրը չի, այս իշխանությունները պատրաստ են Տիգրանաշենը տալ, բայց Ադրբեջանն ավելին է ուզում»,-ասաց Արմեն Մանվելյանը:

Վերջինիս խոսքով՝ Հայաստանի իշխանությունները պատրաստ են տարածքային զիջումների՝ սովետական քարտեզներով, բայց Ադրբեջանը հստակ ցույց է տալիս, որ դա բավարար չէ, ինչը Հայաստանի իշխանությունների համար որոշ չափով անակնկալ է.

«Իրենք պատրաստ էին սովետական քարտեզով Ադրբեջանին տարածքներ տալ և խաղաղ ապրել, բայց Ադրբեջանը հստակ հասկացնել է տալիս, որ ինքը չի պատրաստվում բավարարվել միայն սովետական քարտեզներով, Ալիևն էլ է բացահայտ հայտարարել, որ Սևանն էլ է իրենցը, Երևանն էլ, Զանգեզուրն էլ»,-ասաց Արմեն Մանվելյանը:

Աղբյուր` Փաստինֆո

Please enter a valid URL