Երևանի Ամիրյան փողոցում հուլիսի 18-ի երեկոյան տեղի ունեցած միջադեպի ժամանակ կրակողը հայտնի գործարար Խաչատուր Սուքիասյանի եղբայրն է, հաղորդում է Shamshyan.com-ը:
Աղբյուրի տեղեկություններով՝ փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 258 հոդվածի 4-րդ մասի և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ նույն օրը՝ ժամը 19:00-ի սահմաններում, նշված վայրում կենցաղային հարցերի շուրջ վիճաբանություն է տեղի ունեցել Երևան քաղաքի բնակիչներ, 51-ամյա Ռոբերտ Սուքիասյանի, 47-ամյա Արման Ապիյանի, 33-ամյա Վարազդատ Գասպարյանի, 29-ամյա Սարգիս Աբգարյանի և մյուս կողմի՝ Երևանի բնակիչ, 35-ամյա Նարեկ Կարապետյանի և Ամերիկայի Միացյալ Նահանգների քաղաքացի, 42-ամյա Հարութ Հաբգարյանի միջև:
Ըստ ձեռք բերված նախնական տեղեկությունների՝ Ռ. Սուքիասյանը իր մոտ եղած հրազենից կրակոցներ է արձակել, ինչի հետևանքով Հ. Հաբգարյանը ոտքի շրջանում ստացել է հրազենային վնասվածք; Դեպքի վայր ժամանած ոստիկանները, քննիչներն ու փորձաքրեագետները հայտնաբերել են 3 հատ 9 մմ տրամաչափի կրակված պարկուճ և արնանման հետքեր:
Այսօր՝ հուլիսի 19-ին՝ ժամը 01:00-ի սահմաններում, «Նաիրի» բժշկական կենտրոնից ոստիկանության կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ «ձախ ազդրի փափուկ հյուսվածքների ծակած-կտրած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի:
Հիվանդանոց մեկնած ոստիկանության կենտրոնական բաժնի ծառայողները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածը Ա. Ապիյանն է, ով նշված վիճաբանության ժամանակ դանակահարվել է: Քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները նրա մոտ հայտնաբերել են օդաճնշիչ ատրճանակ, այնուհետև, ձեռնարկելով անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, ոստիկանները պարզել են, որ նրան այդ վիճաբանության ժամանակ դանակահարել է 35-ամյա Նարեկ Կարապետյանը:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ դեպքի ամբողջական հանգամանքները պարզելու, կասկածյալներին, հանցագործության գործիք հրազենն ու դանակը հայտնաբերելու ուղղությամբ:
Կայիք տեղեկություններով՝ կրակոցներ արձակած Ռ. Սուքիասյանը հայտնի գործարար Խաչատուր Սուքիասյանի եղբայրն է: