Տարածաշրջանային կայունության եւ փոխվստահության հաստատմանը խոչընդոտող կարեւոր գործոն է այն փաստը, որ ի հեճուկս իր ստանձնած պարտավորությունների՝ Ադրբեջանը մինչեւ օրս չի վերադարձրել բոլոր հայ ռազմագերիներին, այդ մասին կառավարության նիստի սկզբում հայտարարեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:
«Ամեն դեպքում՝ միջազգային մեր գործընկերների հետ համագործակցությամբ մինչեւ օրս մենք կարողացել ենք վերադարձնել 104 ռազմագերի: Մենք շարունակելու ենք աշխատել մեր ռազմագերիների վերադարձի ուղղությամբ, Ղարաբաղի հարցի համապարփակ կարգավորումը, սահմանների սահմանագծման եւ սահմանազատման աշխատանքները, տարածաշրջանային կոմունիկացիաների բացումը եղել են կան եւ լինելու են մեր առաջնահերթությունների շարքում»,- ընդգծեց վարչապետի պաշտոնակատարը:
Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ Ադրբեջանն այս ապակառուցողական գործողություններով ոչ միայն խախտում է նոյեմբերի 9-ի հայտարարությունը, այլ նաև փորձում է խաթարել հունվարի 11-ի եռակողմ հայտարարությամբ ամրագրված տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման գործընթացը, ԵԱՀԿ ՄԽ համանախագահների ապրիլի 13-ի հայտարարությամբ նախատեսված խաղաղ բանակցությունները և տարածաշրջանային կայունությունն ընդհանրապես։
«Ադրբեջանի նման գործողությունները մարտահրավեր են միջազգային իրավունքին և բոլոր այն ուժերին, որոնք շահագրգռված են տարածաշրջանում կայունության և խաղաղության հաստատմամբ, եւ մենք շարունակելու ենք մեր խորհրդակցությունները եւ համագործակցությունը այդ ուժերի հետ»,- ասաց Փաշինյանը: