ԱԱԾ–ի «Ալֆա» ջոկատը, առավոտյան ժամը 10։30–ի սահմանում, առանց համապատասխան որոշման, ներխուժել է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»ՓԲԸ–ի վարչական շենք։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Հայաստան» դաշինքի անդամ, «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ Վահե Հակոբյանը։
«Պատերի ու դարպասների վրայով ներխուժել են շենք, ու սկսել ահաբեկել աշխատակիցներին։ Աշխատակիցներին քաշքշելով հարցաքննության են տարել, թե ինչ է հիմքը, որ նրանց հարցաքննության են տարել, անհասկանալի է։ Մեր իրավաբանն այնտեղ է, բայց նրան արգելում են շփվել աշխատակիցների հետ»,– ասաց Վահե Հակոբյանը՝ հավելելով, որ լուրջ գործերը թողած, ԱԱԾ–ն փորձում է վախի մթնոլորտ ստեղծում։
«Սահմանում այսօր զոհ ունենք, Ադրբեջանում մեր հայրենակիցներին են դատում լրտեսության, ահաբեկչության եւ այլ հոդվածներով, բայց այսօր ԱԱԾ–ն զբաղված է կոմբինատի աշխատանքը խափանելով։ Մեր բացատրությունն այն է, որ իրենք ուզում են վախի մթնոլորտ ստեղծել։ Երեկ կոմբինատի կողմից հայտարարվեց՝ 70–ից ավել հանքանյութով վագոններն են կանգնած, եթե այսպես գնա, մենք էլ պղնձի խտանյութը պահեստավորելու տեղ չենք ունենալու»,– հավելեց Վահե Հակոբյանը։