Search
Close this search box.

Միջանցք՝ ոչ, բայց ճանապարհի հարց քննարկվում է, չի բացառվում՝ հենց Մեղրիով. Hraparak.am

Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ տնտեսական եւ տրանսպորտային ապաշրջափակման հարցերով ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խումբն ապրիլ ամսից ի վեր հանդիպում չի ունեցել։ Հանդիպումների շարքն ընդհատվել է՝ կապված սահմանային լարվածության հետ։ Անորոշ է, թե հաջորդ հանդիպումը երբ տեղի կունենա։ Ձեւաչափը, հիշեցնենք, եռակողմ է, երրորդ կողմը Ռուսաստանն է։ Այս մասին «Հրապարակ»-ին հայտնեց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, որը գլխավորում է մեր կողմից ձեւավորված աշխատանքային խումբը։

Իսկ ապրիլ ամսվա դրությամբ ի՞նչ ունեիք, ո՞ւր էիք հասել։

Ապրիլ ամսվա դրությամբ դեռեւս փորձագիտական մակարդակով քննարկում էինք նախ իրավական կարգավորումները՝ ԱՊՀ նորմատիվ ակտերի շրջանակներում եւ միջազգային կոնվենցիաների եւ պայմանագրերի, որոնց Հայաստանը մասնակից է, նաեւ ենթակառուցվածքների տեխնիկական հնարավորություններն էին քննարկվում։ Այդքանն էր։

Ե՞րբ է լինելու հաջորդ հանդիպումը։

Կառավարության ձեւավորումից հետո պարզ կլինեն հանդիպումները եւ ամսաթվերը։

Այս ընտրությունները ադրբեջանցիների հետ հարաբերություններում եւ նրանց ակնկալիքներում որեւէ բան փոխե՞լ են։ Ի վերջո, եթե իշխանությունը փոխվել է, հնարավոր է՝ ամեն ինչ այլ հունով ընթանար։

Ներողություն եմ խնդրում, բայց հարցի հասցեատերը հաստատ ես չեմ։ Դուք խոսում եք ուրախության մասին, ուրախացող հանրությանն էլ երեւի պետք է հարցն ուղղել, ես չեմ կարող պատասխանել։

Բայց, ցավոք կամ բարեբախտաբար, կապ չունեմ այդ ուրախացող հանրության հետ, դրա համար Ձեզ եմ հարցնում։ Ես ուզում եմ հասկանալ՝ Դուք ինչպե՞ս եք տեսնում այս ամենի զարգացումը, քանզի Ալիեւն ընտրություններից առաջ ու հետո էլ խոսում էր Սյունիքով միջանցքի տրամադրման մասին եւ ոչ միայն։

Ես, օգտվելով առիթից, ուզում եմ եւս մեկ անգամ վստահեցնել եւ արձանագրել, որ միջանցքային տրամաբանության հարց ես երբեւէ չեմ քննարկել, չեմ քննարկում եւ չեմ էլ քննարկելու, դա ուղղակի բացառված է, եւ էդ կոնտեքստում որեւէ բան մեկնաբանելու կարիք եւ անհրաժեշտություն չեմ տեսնում, որովհետեւ չի լինելու նման բան։ Դա հնարավոր չէ ուղղակի, դա բացառված է։ Եվ, անկախ նրանից, թե ով է ուրախանում, ով է տխրում, միեւնույն է՝ չի լինելու։

Կներեք, ի՞նչ ասել է՝ միջանցքային տրամաբանություն, ի՞նչ է դա իրենից ներկայացնում։

Միջանցքային տրամաբանությունը ենթադրում է, որ որեւիցե մի հարց, որը կվերաբերի ապաշրջափակման պայմանավորվածություններին կամ հնարավորություններին եւ որը կենթադրի որեւիցե մի սուվերեն հավելյալ իրավունք կամ ծանրաբեռնվածություն, ես բացառում եմ։ Մենք խոսում ենք մեր սուվերեն ենթակառուցվածքների մասին։

Եթե ավելի պարզ թարգմանենք Ձեր ասածը, կնշանակի, որ եթե ինչ-որ ճանապարհ տրվի, ապա դա չի լինելու որեւէ մեկի անմիջական հսկողության ներքո, որեւէ մեկը դոմինանտություն չի ունենալու այդ ճանապարհի հարցում։ Ճի՞շտ եմ հասկանում։

Միանշանակ։ Եվ ոչ թե հսկողության կամ ոչ միայն հսկողության, այլ նաեւ որեւիցե մի արտոնյալ կամ որեւիցե մի հատուկ կարգավիճակ։

Այսինքն՝ ճանապարհ կարող է տրվել, բայց բացառապես երկու կողմից հավասար օգտվելու իրավունքո՞վ։

Եվ նաեւ մնացած այլ հարեւան երկրների։

Բայց, ամեն դեպքում, ճանապարհի հարց կարող է քննարկվել կամ քննարկվում է։

Ապաշրջափակման հարց, այո, մենք քննարկում ենք, եւ դա նորմալ է, եւ նման նպատակ ունենք, այո։

Այսինքն՝ ճանապարհ բացելու նպատակ ունի կառավարությունը, որը կլինի օգտագործման ենթակա Հայաստանի, Ադրբեջանի, գուցե նաեւ Իրանի եւ Թուրքիայի կողմից։ Ճի՞շտ եմ հասկանում։

Ես Թուրքիայի մասով որեւէ բան չասացի, դա առանձին քննարկման հարց է։ Բայց էն հարեւան երկրները, որոնք էսօր մեր տարածքով անցնելու հնարավորություն ունեն՝ բեռնափոխադրումների իմաստով՝ մասնավորապես, այո, հաշվի առնվում է նաեւ այդ հնարավորությունը։

Ո՞ր տարածքով, Սյունիքո՞վ եւ Սյունիքի հատկապես ո՞ր մասով, Մեղրիի՞ հատվածով։

Դա արդեն կախված կլինի ենթակառուցվածքների ֆիզիկական հնարավորություններից եւ արդյունավետությունից։

Իսկ ի՞նչ նկատի ուներ Վլադիմիր Պուտինը, երբ, շնորհավորելով Նիկոլ Փաշինյանին, ասաց, որ Հայաստանը պետք է պատրաստ լինի ցավոտ լուծումների։ Ի՞նչ ցավոտ լուծում։

Չեմ կարող մեկնաբանել, կարծում եմ, որ ես չեմ հարցի հասցեատերը։

Մանրամասը՝ սկզբնաղբյուրում:

Please enter a valid URL