Երեկ՝ հուլիսի 9-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 02։10-ի սահմաններում «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին ահազանգ է ստացվել, որ «աջ սրունքի հրազենային վիրավորում» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի տղա երեխա։
Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ հիվանդանոց են մեկնել ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի՝ անչափահասների գործերով և հետաքննության բաժանմունքների պետերի գլխավորությամբ։
Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորը ի վիճակի չէ այդ պահին կատարվածի մասին բացատրություն տալու։ Մինչ բժիշկները պայքարում էին երեխայի կյանքի համար, Քանաքեռ-Զեյթունի ոստիկանները տաք հետքերով պարզել են, որ վիրավորը Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի բնակիչ՝ 16-ամյա Լևոն Ա-ն է։
Ոստիկանները, այնուհետև ձեռնարկելով անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, պարզել են, որ վիրավորը մինչև «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն տեդափոխվելը, տեղափոխվել է «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոն, որտեղ առաջին բուժօգնությունը ստանալուց հետո նրան տեղափոխել են «Սուրբ Աստվածամայր» ԲԿ։
Պարզվել է, որ նույն օրը, ժամը 01։00-ին Լևոն Ա-ն հրազենային վնասվածքները ստացել է Քանաքեռի գերեզմանոցում, և նշված արաքը կատարելու կասկածանքով Քանաքեռ-Զեյթոոնի ոստիկանները պարզում են կասկածյալի ինքնությունը։ Այնուհետև, ձեռնարկելով բացատրական աշխատանքներ, Քանաքեռ-Զեյթունի ոստիկանություն է ներկայանում Երևանի բնակիչ՝ 29-ամյա Քյարամ Ամոյանը։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ հայտնաբերվել է նաև երկփողանի ողորկափաղ հրացանը։
Ըստ նախնական տեղեկությունների՝ Ք. Ամոյանը հայտնել է, որ Քանաքեռ-Զեյթունում հայտնի «14-ի կռուգ» կոչվող հատվածում իր ծանոթ Լևոն Ա-ին հրացանը ցուցադրելու ժամանակ այն պայուսակից դուրս բերելու ընթացքում ձեռքը պատահաբար դիպչել է ձգանին, ինչի հետևանքով անզգուշությամբ արձակված կրակոցի արդյունքում Լևոն Ա-ն վնասվածք է ստացել։
Կայքի տեղեկություններով՝ Ք. Ամոյանը «օրենքով գող» Եղդի Ճակոյի քրոջ որդին է։