Հարցեր, հարցեր, հարցեր…
Մենք բոլորս ունենք մի հետաքրքիր հատկություն՝ մոռանալով առանցքային հարցերը, կենտրոնանալ կողմնակի աննշան «կետերի» վրա՝ անտեսելով իրականում շատ կարևոր հանգամանքներ, որոնք կարող են հանդիսանալ «բանալիներ» այս կամ այն կարևորագույն իրադարձությունները հասկանալու համար։
Արցախյան երկրորդ պատերազմի աղետալի, աննորմալ և անհասկանալի ընթացքը, որը ի վերջո բերեց փաստացի Արցախի Հանրապետության 2/3-ի զավթմանը և մեր Մեծ Հայրենիքի մասնատմանը՝ առայժմ բացի տարատեսակ մշուշոտ վարկածներից և ասեկոսեներից ոչ մի հստակ եզրակացությունների չի հանգեցրել։
Ես հիմա չունեմ ցանկություն կրկին խորանալ այն անիմաստ դիսկուրսի մեջ, թե ո՞վ է մեղավոր այս խայտառակության մեջ, քանզի համոզված եմ, որ առաջնային մեղքը և պատասխանատվությունը կրում է ներկա իշխանությունը՝ նվազագույնը այն պատճառով, որ որքան էլ իրենք փորձեն իրենց մեղքը բարդել շուրջ բոլորի վրա կամ իբր դավադրությունների թեզեր նետեն տեղեկատվական դաշտ, միևնույն է դա իրենց չի օգնի «մաքրվել», նույնիսկ, եթե այս աղետի հետևանքների հետ համակերպվել է ամբողջ ժողովուրդը, ինչը, մեղմ ասած՝ այդպես չի։
Իրենք իշխանություն էին և կրում են հարյուր տոկոսանոց պատասխանատվություն յուրաքանչյուր գործընթացի համար պետության կառավարման ընթացքում։
Եվ այսպիսով. հազարավոր հարցերից, որոնց պատասխանը մինչ օրս մենք չենք ստացել, ես կառանձնացնեմ կարևորներից ընդամենը մեկը։
Հիմա տրամաբանենք միասին. Թուրք֊ադրբեջանական ահաբեկչական ուժերը գրոհեցին Արցախի հանրապետությունը, սկսվեց լայնածավալ պատերազմ և Արցախի ողջ տարածքը դարձավ թիրախ։ Պատերազմի սկսելուց հետո ընդամենը մի քանի օր անց հայկական կողմը հասկացավ, որ այս կարգի լայնածավալ գրոհը հերթական սադրանքը չի ։
Դրա հետ մեկտեղ հայկական ռազմաքաղաքական ղեկավարությունը հստակ հասկանում էր, որ կանգնեցնել պատերազմը հնարավոր է միայն այն պարագայում, եթե մենք հասցնենք հակառակորդին այնպիսի վնաս, որը կստիպի ագրեսորին կանգնեցնել պատերազմը նվազագույնը այն պատճառով, որ հակառակորդը կկրի այնպիսի կորուստներ, որոնք իրենց համար անիմաստ կդարձնեն պատերազմի շարունակությունը։
Ադրբեջանի գոյությունը կախված է նավթագազային արդյունաբերությունից և հարվածելով Ադրբեջանի նավթագազային արդյունաբերական ենթակառուցվածքներին՝ հայկական կողմը, միանշանակ, կարող էր բեկում մտցնել ամբողջ պատերազմի ընթացքի մեջ։
Հիմա հարց.
Ինչո՞ւ հայկական կողմը դա չարեց։
Ինչո՞ւ պատերազմի ողջ ընթացքում գեթ մեկ փամփուշտ չկպավ նավթային խողովակներին կամ նավթագազային հորերին։
Ինչո՞ւ հայկական կողմը այսչափ զգույշ վերաբերվեց ադրբեջանական առանցքային տնտեսական ենթակառուցվածքներին։
Միգուցե պատասխանը նրանում է, որ այդ պարագայում պատասխան հարվածի վտանգ կար, օրինակ, Մեծամորի միջուկային էլեկտրակայանին։
Ո՛չ, չեմ հավատում, որ դա հնարավոր էր տեսականորեն, քանի որ դա կբերեր նաև Թուրքիայի համար անդառնալի հետևանքների։
Կրկնեմ՝ ինչո՞ւ հայկական կողմը չոչնչացրեց Ադրբեջանի տնտեսական ողնաշարը։
Միգուցե կային ինչ-որ պայմանավորվածություննե՞ր տարածաշրջանում գլոբալ խաղացողների հետ, որ իրենց շահերին պատերազմի ժամանակ հայկական կողմը «չկպնի»։
Չգիտեմ․ շատ հնարավոր է, բայց այդ դեպքում ստացվում է, որ խաղալով սրա-նրա հետաքրքրություններին հանկարծ վնաս չտալու տրամաբանության մեջ՝ այս իշխանությունները փաստացի կործանեցին ամեն ինչ։
Հ․Գ․ Հայկական պատմության մեջ արցախյան երկրորդ պատերազմը գրեթե ամենամութ և անհասկանալի աղետն է, որի պատճառահետևանքային երանգները այնքան կասկածելի են, որ պահանջում են անպայման բոլոր հանգամանքների բացահայտում։
Սա՝ անկասկած։
Արման Աբովյան