ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ավարտվել է խանդի շարժառիթով կատարված սպանության փորձի դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
ՔԿ-ից հայտնում են, որ զեռք բերված ապացույցներով պարզվել և հիմնավորվել է, որ Արմավիր քաղաքի 1972թ. ծնված բնակիչը դեռևս 1994 թվականից մտերիմ հարաբերությունների մեջ գտնվել նույն քաղաքի բնակչուհու հետ:
Քննության տվյալներով՝ տղամարդը, կասկածելով, որ վերջինս կարող է մտերիմ հարաբերություններ ունենալ նաև այլ տղամարդու հետ, իր կասկածները փարատելու նպատակով, 2021թ․մարտի 1-ին՝ ժամը 10։00-ի սահմաններում, գնացել է կնոջ տան մոտ և սպասել նրա վերադարձին։
Երբ նա վերադարձել է, տղամարդը, օգտվելով դռան չկողպված լինելու հանգամանքից, նրա հետևից մուտք է գործել տան բակ, բացել է մուտքի դուռը և աննկատ, ապօրինի մուտք է գործել տուն ու թաքնվել ննջասենյակում։
Այնուհետև մոտեցել է հյուրասենակի բազմոցին կիսապառկած վիճակում գտնվող կնոջը և խանդի հողի վրա, կյանքից ապօրինի զրկելու դիտավորությամբ, հեռախոսի մալուխով խեղդելու միջոցով փորձել է սպանել նրան. կինը կորցրել է գիտակցությունը, իսկ տղամարդը, մտածելով, որ նա մահացել է, դադարեցրել է իր գործողությունները՝ իր կամքից անկախ հանգամանքներում հանցանքն ավարտին չհասցնելով:
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Արմավիր քաղաքի բնակչին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով և 147-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ որպես խափանման միջոց նրա նկատմամբ ընտրվել է կալանավորումը։
Նախաքննությունն ավարտվել է և, քրեական գործը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան: