Ադրբեջանում ևս երկու հայի դեմ հարուցված քրեական գործի քննությունն ավարտվել է:
Դավիթ Տիգրանի Դավթյանը և Գևորգ Ռուբենի Սուջյանը մեղավոր են ճանաչվել Ադրբեջանի քրեական օրենսգրքի 276 հոդվածի (լրտեսություն) հատկանիշներով:
Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ նախաքննությունն ավարտվել է, ու գործի նյութերը ուղարկվել են Բաքվի ծանր հանցագործությունների դատարան:
Քրեական գործը գտնվում է դատավոր Ալի Մամեդովի վարույթում: Գործով նախնական դատական առաջին նիստը տեղի կունենա հուլիսի 14-ին:
Նշենք, որ Գևորգ Սուջյանը (լուսանկարում) «Նոր Հայաստան Հայրենիք-Սփյուռք» բարեգործական ՀԿ հիմնադիր նախագահն է, որն ընկերոջ հետ գերեվարվել է հրադադարի հաստատումից հետո՝ նոյեմբերի 11-ին, երբ մեկնել է Արցախ:
Մի քանի օր նրանից տեղեկություն չի եղել, օրեր անց ադրբեջանական կողմի հրապարակած տեսանյութերից մեկում մտերիմները ճանաչել են նաև Սուջյանին ու նրա ընկերոջը՝ Դավթին։ Նրանք գերեվարվել են Բերձոր-Շուշի ճանապարհին:
Գևորգ Սուջյանը ռազմական գործողություններին չի մասնակցել, նա պատերազմի օրերին ընկերների հետ միասին օգնություն էր տեղափոխում Արցախ։ Երիտասարդը սոցիալական ցանցում ժամանակ առ ժամանակ տեղեկություն էր ներկայացում Արցախում տիրող իրավիճակի մասին։