Քիչ առաջ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է Գորիս համայնքի Քարահունջ բնակավայրի վարչական ղեկավար Լուսինե Ավետյանին կալանավորելու վերաբերյալ միջնորդությունը։
Այդ մասին ՀԺ-ն տեղեկացավ ՀՔԾ մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանից:
Ըստ ՀՀ հատուկ քննչական ծառայության՝ ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ հիմնավորվել է, որ Քարահունջ բնակավայրի վարչական ղեկավար Լուսինե Ավետյանը, օգտագործելով Քարահունջ բնակավայրի չորս բնակիչներին, 2021 թվականի մայիս ամսվա ընթացքում բանկային փոխանցման միջոցով «Դրամական աջակցություն» անվան տակ 100.000-220.000 ՀՀ դրամ է տրամադրել նրանց և հարկադրել մասնակցել 2021 թվականի հունիսի 8-ին Գորիս քաղաքում «Հայաստան» դաշինքի կողմից կազմակերպվելիք քարոզարշավին:
Բացի այդ, Ավետյանը սոցիալական և առողջական խնդիրների կապակցությամբ ֆինանսական աջակցություն տրամադրելու եղանակով 2021 թվականի մայիսի 6-ին կազմակերպել է Քարահունջ բնակավայրի մեկ այլ բնակչի բանկային եղանակով 100.000 ՀՀ դրամի փոխանցումը, ապա հարկադրել նրան մասնակցել «Հայաստան» դաշինքի հունիսի 8-ին Գորիս քաղաքում կազմակերպվելիք քարոզարշավին, ինչպես նաև հարկադրել է ընտրությունների օրը կողմ քվեարկել «Հայաստան» դաշինքի օգտին:
Վերը նշված հանցավոր արարքների կատարման համար համայնքապետին մեղադրանք է առաջադրվել Ընտրական իրավունքի իրականացմանը, ընտրական հանձնաժողովների աշխատանքներին կամ ընտրությանը մասնակցող անձանց լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու և քվեարկության գաղտնիությունը խախտելու մասով: