Search
Close this search box.

Պատգամավոր լինելը շաուրմա սարքել չի, որ նստեն, նայեն՝ ոնց են սարքում ու կամաց-կամաց ձեռքները վարժվի սոխի չափը ճիշտ բռնելուն. Նաիրա Զոհրաբյան

Այսօր կրկին ռազմագերիների ու անհետ կորած զինվորների ծնողների հետ էի հանդիպում։

Ես արդեն սովորել եմ ամեն օր լսել զարհուրելի ու անտանելի ցավի մասին իրենց պատմությունները։

Ես արդեն անգիր գիտեմ զոհված ու անհետ կորած յուրաքանչյուր զինվորի նախասիրություններն ու անգամ սիրած աղջիկներին, որ դեռ սպասում են։ Ու հիմա այն, ինչի պիտի ասեմ, թվում է, թե կապ չունի գերեվարված ու անհետ կորած տղաների եւ նրանց ծնողների մեծ ցավի հետ։

Որոշել էի գոնե մի ինչ-որ ժամանակ ոչինչ չխոսել։ Որովհետեւ ինձ եւս լռություն է պետք՝ հասկանալու եւ վերլուծելու շատ ու շատ բաներ։

Բայց հիմա պիտի խոսեմ իմ ընկերոջ՝ Գեղամ Նազարյանի մասին, ում հետ մենք աշխատել ենք «Հայկական ժամանակում» եւ ում հետ կռիվ ենք տվել հանուն ավելի լավ Հայաստանի։

Ինձ դուր չի գալիս մանդատային այս անառողջ աժիոտաժը։ Պատգամավորական մանդատը, հավատացեք ինձ, բոնուս քարտ չի, որ շահողը ուրախանա։ Դա ծանր, ծանր ու ահավոր պատասխանատու աշխատանք է։ Ու հատկապես այս խորհրդարանում պիտի լինեն մարդիկ, ովքեր անդունդի եզրին կանգնած մեր հայրենիքը գոնե փորձեն հետ պահել անդառնալիության կետից։

Պատգամավոր լինելը շաուրմա սարքել չի, որ նստեն, նայեն՝ ոնց են սարքում ու կամաց-կամաց ձեռքները վարժվի սոխի չափը ճիշտ բռնելուն։ Ու ոչ էլ այդ աթոռին երկար նստելուց է գալու քաղաքական փորձառությունը։ Ինձ հետ տարիներ շարունակ պատգամավորի աթոռին նստել են մարդիկ, ովքեր մինչեւ վերջ խորհրդարանը «ռայսովետ» էին կոչում։

Ասածս ինչ է՝ Գեղամը ամեն օր աշխատում է զոհված, գերեվարված ու անհետ կորած զինվորների ծնողների հետ՝ որպես նրանցից մեկը, ում Աբգար որդին զոհվեց այս պատերազմում։

Ես չեմ վիճարկում պատգամավորի մանդատ ստացած որեւէ մեկի հայրենասիրությունը։ Դեռ չեմ վիճարկում, որովհետեւ դեռ նրանց աշխատանքը չեմ տեսել։ Բայց մի բանում վստահ եմ՝ Գեղամը պիտի լինի խորհրդարանում։

Հազարավոր զոհված ու հարյուրավոր անհետ կորած զինվորների ընտանիքները իրենց ներկայացուցիչը պիտի ունենան խորհրդարանում։

Ամեն ինչ չէ, որ պիտի որոշվի ձեւական, անիմաստ ու արհեստական քվոտաներով։

Մենք ոչ ստանդարտ իրավիճակում ենք ու երբեմն նաեւ, այո, ոչ ստանդարտ լուծումներ են պետք։

Ես կուզենայի Գեղամին տեսնել խորհրդարանում։

Նաիրա Զոհրաբյան

Please enter a valid URL