ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանն ասում է, որ դեռևս որոշում չկա մանդատները վերցնել չվերցնելու հարցում, բայց միևնույն ժամանակ ավելացնում է, որ իրենք խորհրդարանում օր ու արև չեն տալու իշխանություններին:
Սաղաթելյանը սրանով հասկացնում է, որ իր համար նախընտրելի տարբերակը մանդատները վերցնելն է, ինքն իրեն արդեն խորհրդարանի փոխխոսնակ է պատկերցանում, և նկարագրում է, թե որքան կարևոր է այդ պաշտոնը իշխանության դեմ պայքարում:
Ինչպես գրել էինք մեր նախորդ հրապարակման մեջ` ՀՅԴ-ականների միակ երազանքը կրկին խորհրդարանում հայտնվելն ու խորհրդարանական կուսակցություն դառնալն էր, մի կարգավիճակ, որից նրանք զրկվել էին 2018թ. խորհրդարանական ընտրությունների ժամանակ:
Հիմա ոչ միայն վերադառնում են, այլ շատ պատկառելի կազմով, և չնայած ոչ թե սեփական վարկանիշի, այլ Քոչարյանի, ինչը նրանց համար ոչ մի նշանակություն չունի:
Մեր խնդիրը ՀՅԴ երազանքի իրականացումը քննարկելը չէ, այլ «Հայրենիք» դաշինքի կողմից մանդատները վերցնելու այլընտրանքի հնարավորությունը: «Հայաստան» դաշինքին ընտրողները քվե են տվել ոչ թե, որ Իշխան Սաղաթելյանը և ընկերները խորհրդարանի պատերի ներքո «օր ու արև» չտան գործող իշխանությանը, այլ իրականացնեն իշխանափոխություն: Մանդատները վերցնելով և խորհրդարան գնալով դա հնարավոր չէ իրագործել: Մյուս տարբերակը` մանդատները չվերցնելն ու երկրում քաղաքական և սահմանադրական ճգնաժամ հասունացնելն է, որը ի վերջո կարող է բերել իշխանափոխության:
Սահմանադրությամբ խորհրդարանի 30 տոկոսը պետք է լինի ընդդիմությանը: Եթե «Հայաստան» դաշինքը իսկապես ցանկություն ունի սահմանադրական ճգնաժամ հասունացնել, ապա պետք է գնար հենց մանդատներից հրաժարվելու ճանապարհով, միաժամանակ բանակցելով «Պատիվ ունեմ» դաշինքի հետ, առաջարկելով միասնական գործողությունների դիմել: Նախաձեռնողը բնականաբար պետք է լինի «Հայաստան» դաշինքը, որպես առավել թվով քվեներ ստացած ընդդիմադիր ուժ:
Բայց մանդատներից հրաժարվելով «Հայաստան» դաշինքը պետք է կարողանար շարունակել փողոցային պայքարը, և փողոցում «օր ու արև» չտար իշխանությանը: Մինչդեռ, խորհրդարանական ընտրություններից հետո «Հայաստան» դաշինքը որևէ փողոցային միջոցառում չի կազմակերպել, դրանով իսկ ցույց տալով, որ միանգամայն բավարարված է ընտրությունների արդյունքով և իր նպատակը ոչ թե իշխանափոխությունն էր, այլ խորհրդարանում հայտնվելը: Ինչ վերաբերվում է Սահմանադրական դատարան դիմելուն, դա հերթապահ քայլ է, որին յուրաքանչյուր ընտրությունից հետո դիմել են պահի ընդդիմադիր ուժերը, ունենալով ընտրությունների արդյունքները վիճարկելու անհամեմատ ավելի լուրջ հիմքեր, բայց նախապես գիտակցելով սպասվելիք արդյունքի մասին: Եվ եթե ՀՅԴ-ն և մյուսները պատրաստ չեն փողոցային պայքարը շարունակելուն, բնական է, որ նրանք պետք է վերցնեն մանդատները և գնան «օր ու արև» չտալու ճանապարհով:
Հ.Գ. Իշխան Սաղաթելյանը ասում է, որ սահմանամերձ Կութ գյուղը քվեարկել է իշխանության օգտին. «Այսօրվա իշխանությունը թուրքին մտցրել է այդ մարդկանց տուն, զրկվել են իրենց վերջին ապրուստից ու քվեարկել են այսօրվա իշխանությանը։ Սա նշանակում է՝ 20 տարվա ազգային արժեքների դեմ պայքարը, ազգային դիմադրողականության քայքայումը հասցրեց նրան, որ մեր ժողովուրդը կորցրել է իր ինքնության իմունիտետը, ուրիշ պատճառ չես կարող բերել»: Ընտրողներն էլ «Հայաստան» դաշինքի օգտին են քվեարկել, որ այդ դաշինքը իշխանափոխություն իրականացնի, ինչպես որ խոստացել էր, և ոչ թե Իշխան Սաղաթելյանը նստի ԱԺ փոխնախագահի աթոռին, ու բարձր աշխատավարձով ընդդիմադիր աշխատի: Հիմա ում պահվածքն է ավելի նողկալի` ինքնության իմունիտետը կորցնելու համատեքստում:
ArmLife.am