ԱԻՊԾ-ից տեղեկացնում են, որ 2021 թվականի հունիսի 28-ից հուլիսի 4-ն ընկած ժամանակահատվածում ԱԻ պետական ծառայության 911 ահազանգման կենտրոնում գրանցվել է 725 զանգ: Նախորդ շաբաթվա համեմատ ավելացել են հրդեհի դեպքերը: Գրանցված 34 կանչից 3-ը բռնկվել է աղբանոցներում, մյուս 31-ը՝ չոր խոտածածկ տարածքներում, այգիներում և ցանքատարածքների հարևանությամբ գտնվող չմշակված տարածքներում: Փրկարար ուժերի վարչության հրշեջ փրկարարներն արձագանքել են բոլոր կանչերին, ժամանակին կատարել հրդեհաշիջման աշխատանքներ: Նշենք, որ հանրապետության տարածքում շարունակվում է հացահատիկային մշակաբույսերի բերքահավաքը:
Շրջանային ԱԻ բաժինների հրշեջները շուրջօրյա հերթափոխով ուժեղացված ծառայություն են իրականացնում նախատեսված հենակետերում: Ճանապարհատրանսպորտային պատահարի մասին յոթօրյա ժամանակահատվածում գրանցվել է 4 կանչ: Տուժել է 6 քաղաքացի: Փրկարարները և «Շտապ օգնություն կայան» ՓԲԸ հերթապահ բժիշկները տուժածներին ցուցաբերել են առաջին օգնություն և տեղափոխել բուժհաստատություններ: Շաբաթվա ընթացքում շարունակվել են զենք-զինամթերքի, չպայթած և կյանքի համար վտանգ ներկայացնող ռազմամթերքի հայտնաբերման և դրանց ոչնչացման աշխատանքները:
Ծառայության սակրավորները գործընկեր կազմակերպությունների հետ մեկտեղ, անցած շաբաթ վնասազերծել են կասետային 57 ռումբ, ականանետի 3 ական, փոքր և խոշոր տրամաչափի 180 զինամթերք, ձեռքի 2 նռնակ, ավիացիոն 2 և գնդիկաբեկորային 4 ռումբ: Փրկարարները շաբաթվա ընթացքում տեխնիկական բնույթի օգնություն են ցուցաբերել 37 քաղաքացու. Այդ թվում՝ ջուր է մատակարարվել Ասկերանի շրջանի 3 համայնքի բնակիչների: Դռան և վերելակի բացման վերաբերյալ գրանցվել է 13 կանչ: Նախորդ շաբաթվա համեմատ նվազել է օձի հայտնաբերման դեպքերը: Գրանցված 2 կանչի դեպքում էլ սողունները հայտնվել են տնամերձ հողամասերում: Փրկարարները հայտնաբերել և տեղափոխել են անվտանգ տարածքներ: Զոհված զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքներ իրականացնելու նպատակով արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման օպերատիվ խմբերը նշված ժամանակահատվածում իրականացրել են 4 ելք:
Արցախի օկուպացված տարածքներից հայտնաբերվել է ևս 7 աճյուն: Ընդհանուր առմամբ, զինադադարից հետո փրկարարները տարհանել են 1595 աճյուն: