Search
Close this search box.

«ՀԱՊԿ-ի պատասխանը բացառիկ նվեր և հնարավորություն է Հայաստանի համար». Արման Բաբաջանյան

ՀԱՊԿ պաշտոնական պատասխանը, որ ստացվել է այսօր այդ կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զաասի հայտարարության տեսքով, ոչ մի նորություն չի պարունակում։ Դրա բովանդակությունը պարզ էր շատ վաղուց։
Կարող ենք պնդել, որ ՀԱՊԿ-ը ոչ թե պատասխանել է Հայաստանի դիմումին, այլ վճռել է ինքն իր հարցը:
Այսպիսի պատասխանից հետո Երևանը երկու հարց ունի՝ կամ պետք է դնի ՀԱՊԿ արմատական վերափոխման հարցը, կամ դնի ՀԱՊԿ-ի հետ Հայաստանի հարաբերության վերանայման հարցը:

Ընդ որում, ոչ մի դեպքում սա չպետք է դիտարկել որպես դեմարշ Ռուսաստանի դեմ, որովհետև Հայաստանը ոչ միայն դույզն իսկ կասկածի տակ չի դնում հայ-ռուսական ռազմական փոխօգնության և դաշնակցային գործակցության իրավա-պայմանագրային դաշտը, այլ ըստ էության նույնիսկ հայտարարել է հայկական բանակի վերափոխման հարցում ՌԴ հետ աշխատանքի մասին:

ՀԱՊԿ հարցի օրակարգայնացումը չի կարող գնահատվել «հակառուսականության» պարզունակ տրամաբանությամբ, ինչը արվում է Հայաստանում մշտապես՝ զրկելով Հայաստանին քաղաքական ճկունության լայն հնարավորությունից:
ՀԱՊԿ պատասխանը բացառիկ նվեր և հնարավորություն է Հայաստանի և մեր երկրի ռազմա-քաղաքական ղեկավարության համար։ Հայաստանը ստանում է շանս աշխարհաքաղաքական այլ ուժային կենտրոնների ուղղությամբ ոչ միայն նայելու, այլև նրանց հետ անկաշկանդ հարաբերություններ կառուցելու ազատություն։

Հ․Գ․ Ի պատասխան ՀԱՊԿ-ի այսօրվա դիրքորոշման Հայաստանի նոր խորհրդարանի օրակարգում պետք է հայտնվի ՀԱՊԿ շրջանակում վավերացված պայմանագրերից մեկի վերանայման հարցը: Խոսքը 2012 թվականին Հայաստանի եվրասիականացման ալիքի ծավալմանը մեկնարկին զուգահեռ վավերացված պայմանագրի մասին է, որի համաձայն Հայաստանը որևէ երրորդ երկրի հետ ռազմական ենթակառուցվածքային գործակցության համար պետք է ստանա ՀԱՊԿ բոլոր անդամների համաձայնությունը:
Եթե ՀԱՊԿ անդամները համաձայն չեն Հայաստանի ռազմա-քաղաքական խնդիրների հարցում դաշնակցային միասնական վարքագծի հեռանկարին, ապա նրանք չպետք է ունենան Հայաստանի ու երրորդ երկրի ռազմական ենթակառուցվածքային գործակցության հարցում, այլ կերպ ասած Հայաստանի այլընտրանքի հնարավորության հարցում որոշիչ ձայնի իրավունք: Նրանք կամ Հայաստանի հետ «կնվագեն» այսպես ասած նվագախմբով, կամ Հայաստանը պետք է ունենա նվագակցի ինքնուրույն ընտրության հնարավորություն:

Արման Բաբաջանյան

Please enter a valid URL