Գյումրիի «Ավտոկայան» թաղամասում հայտնաբերվել է նորածին տղա երեխա, հայտնում են ՀՀ ոստիկանության լրատվական բաժնից։
Ոստիկանությունը լքված երեխայի մասին ահազանգը ստացել է հուլիսի 3-ին՝ ժամը 10:10-ին: Երեխան հայտնաբերվել է Շահումյան փողոցում՝ ավտոկայանի մերձակայքում: Դեպքի վայրում այժմ աշխատում է քննչական խումբը։ Դեպի մանրամասները ճշտվում են։
Ըստ տեղեկությունների՝ տան պարիսպի տակ երեխային նկատել է պատահական անցորդը, նա լսել է երեխայի ձայնը, մոտեցել ու անմիջապես ահազանգել ոստիկանություն ու շտապօգնություն:
Հավելենք, որ նորածինը շտապ օգնության մեքենայով տեղափոխվել է Գյումրու «Մոր ու մանկան ավստրիական հիվանդանոց»:
Հիվանդանոցի վերակենդանացման բժշկուհի Մարգարիտա Հարությունյանը մեզ հետ զրույցում նշեց, որ երեխան հիվանդանոց տեղափոխվելու ժամանակ եղել է կապտած և սառած՝ դրսում մնալու պատճառով։ Նա եղել է հողոտ, վրան եղել են խոտի դեզի և ծղոտի կտորներ։
«Երեխան արարտներ չունի, առողջ է։ Տեղափոխման պահին եղել է մի քանի ժամ առաջ ծնված՝ դեռ մեկ օրը չլրացած։ Կյանքին վտանգ չի սպառնում, սրտի աշխատանքը կարգավորված է, բայց ակտիվ լաց չունի»,- նշեց նա։
Բժշկուհին հավելեց, որ այս պահին դեռ հայտնի չէ, թե երբ նորածինը դուրս կգրվի հիվանդանոցից։