ՀՀ կառավարությունը պատրաստվում է մաքսատուրքից ազատման արտոնություններ տալ ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ալեքսանյանի ընտանիքին պատկանող «Ալեքս Տեքստիլ» ընկերությանը եւ «Հայաստան» դաշինքի ցուցակում ներառված, նախկին պատգամավոր Մհեր Սեդրակյանի որդուն Դավիթ Սեդրակյանին պատկանող «Դռագսման» ընկերությանը: 2 հարցն էլ ներառված է Կառավարության վաղվա նիստի օրակարգում:
«ԴՌԱԳՍՄԱՆ» ՍՊ ընկերության կողմից ներմուծվող հումքը օգտագործվելու է ապրանքային բետոնի արտադրության համար։
Արդեն իսկ իրականացվել է 291 մլն դրամի կապիտալ ներդրում։ Ըստ նախագծի՝ ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել 121 մլն դրամի ներդրում՝ գործարանի կառուցման եւ 170 մլն դրամի ներդրում սարքավորման ձեռքբերման համար։ Նախատեսվում է ներդրումային ծրագրի շրջանակում ստեղծել 25 նոր աշխատատեղ` 220 հազար դրամ միջին աշխատավարձով։
Ծրագրով նախատեսված արտադրանքի ընդհանուր ծավալը կկազմի 3․3 մլրդ դրամ, որն ամբողջությամբ կիրացվի ՀՀ տարածքում: Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 170 մլն դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը կազմում է 17 մլն դրամ: Ներմուծվող ապրանքները չեն ներմուծվում ԵԱՏՄ անդամ-երկրներից, քանի որ չեն բավարարում ընկերության տեխնիկական պահանջներին։
Ինչ վերաբերում է «ԱԼԵՔՍ ՏԵՔՍՏԻԼ» ՍՊ ընկերությանը, ապա նրանց կողմից ներմուծվող ապրանքները օգտագործվելու են զուգագուլպաների արտադրության համար։ Ընկերությունը շուտով շահագործման կհանձնի գերհզոր եւ ժամանակակից սարքավորումներով հագեցած զուգագուլպայի արտադրամաս, որը հնարավորություն կտա ստեղծելու 80 նոր աշխատատաեղեր՝ 167 հազար դրամ միջին աշխատավարձով։ Ըստ նախնական տվյալների՝ մինչեւ 2024թ նախատեսվում է արտադրել շուրջ 4 մլրդ դրամի արտադրանք, որից 20%-ը նախատեսվում է իրացնել ՀՀ տարածքում, 80%-ը՝ արտահանել միջազգային շուկա, որից 50%-ը՝ Ռուսաստանի Դաշնություն, իսկ 30%-ը՝ ԵՄ երկրներ:
Ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել 2․1 մլրդ դրամի ներդրում հումք եւ նյութերի, ինչպես նաեւ հավելյալ 1․2 մլրդ դրամ նոր սարքավորումների ձեռքբերման համար:
Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 2 մլրդ դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը կազմում է 106 մլն դրամ: Ներմուծվող ապրանքները չեն ներմուծվում ԵԱՏՄ անդամ-երկրներից, քանի որ չեն բավարարում ընկերության տեխնիկական պահանջներին։
Ըստ նախագծերը ներկայացնող կառույցի՝ էկոնոմիկայի նախարարության 2 դեպքում էլ արտոնության առկայությունը լուրջ խթան կհանդիսանա նոր ներդրումային ծրագրերի իրականացման եւ որպես հետեւանք նոր աշխատատեղերի ստեղծման, ներդրումների ներգրավման, տեղական արտադրության եւ արտահանման խթանման համար: