Search
Close this search box.

Ռազմագերիների հայրենիք վերադարձման հարցում առաջընթաց կա. ԿԽՄԿ–ի նախագահը` «Իզվեստիա» թերթին

Ռազմագերիների հայրենիք վերադարձման հարցում առաջընթաց կա։ «Իզվեստիա» թերթին տված հարցազրույցում նման կարծիք է հայտնել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահ Փեթեր Մաուրերը։

«Առաջընթաց կա, որոշ գերիներ վերադառնում են հայրենիք։ Բայց դեռ վեճեր են ընթանում որոշ ձերբակալվածների թեմայով, արդյո՞ք նրանք ռազմագերի են համարվում, ինչ կարգավիճակ ունեն և կարո՞ղ են արդյոք վերադառնալ։ Մենք շարունակում ենք զբաղվել այդ հարցերով»,– հայտարարել է  Մաուրերը։

Ինչ վերաբերվում է Բաքվում պահվող և դիվերսանտ համարվող անձանց, ապա, ԿԽՄԿ–ի նախագահի խոսքով, կազմակերպության աշխատակիցներն անմիջական հասանելիություն ունեն նրանց. «Ադրբեջանի կառավարությունը ծանուցել է, որ հայկական կողմի հետ կարգավիճակի վերաբերյալ (ձերբակալվածների) տարաձայնություններ են առաջացել։ Բաքուն և Երևանն ինքնուրույն պետք է այդ հարցը կարգավորեն միմյանց միջև»,- կարծում է Մաուրերը։

Նրա խոսքով` ԿԽՄԿ–ն կարող է ներկայացնել իր փորձը, խորհուրդ տալ որևէ բան, սակայն կառավարությունները պետք է իրենք որոշեն այդ մարդկանց վերջնական կարգավիճակը։

«Մենք կապի մեջ ենք երկու կողմի հետ էլ։ Եվ հույս ունեմ, որ ապագայում կհաջողվի խնդրի լուծում գտնել պահվող բոլոր անձանց համար»,-նշել է Մաուրերը։

Պատասխանելով հարցին, թե ինչ պայմաններում են պահվում ձերբակալված անձինք Ադրբեջանում` ԿԽՄԿ-ն հայտարարել է, որ իրենք դրան հանրային գնահատական չեն տալիս։

«Մենք այցելում ենք` գնահատելու համար մարդկանց պահման պայմանները, սակայն, ինչպես գիտեք, դա կոնֆիդենցիալ գործընթաց է ԿԽՄԿ–ի համար։ Մենք համագործակցում ենք տարածաշրջանի բոլոր երկրների իշխանությունների հետ` մեր նկատողություններն անելու համար։ Դեռ ավելին ասել չեմ կարող»,- նշել է նա։

Please enter a valid URL