«Կոնկրետ ո՞վ է ղեկավարել Շուշիի պաշտպանության օպերացիան․ «Իրավունքի» հարցին ԱՀ ԱԽՔ նախկին քարտուղար Սամվել Բաբայանը տվել էր հետևյալ պատասխանը.«Դուք հասկանում եք Շուշիում ռեգուլյար զորք չի եղել: Եղել է նախագահի կողմից կազմակերպված, հավաքված անձանց կողմից պաշտպանություն, որպեսզի հակառակորդի առաջխաղացումը կանգնեցվի: Ռեգուլյար զորք չի եղել: Դրա համար ոչ ոք չի կարող ասել, թե ով է ղեկավարել: Ձեզ թվում է պատահական եմ ասում, որ թուրքը քայլելով եկել հասել է Շուշի»:
Վերոնշյալի, ինչպես նաև ԱՀ ԱԽՔ նախկին քարտուղար Սամվել Բաբայանի կողմից կազմակերպված Շուշիի պաշտպանության, բայց կոնկրետ գումարտակների կողմից չիրականացված օպերացիայի մասին փորձել ենք որոշ պարզաբանումներ ստանալ նաև այն ժամանակ ԶՈՒ պատասխանատուներից գեներալ Մովսես Հակոբյանից, ով, անդրադառնալով հիշատակված օպերացիային, նախ նյարդային տոնով նկատեց.
-Նախ եկեք ճշտենք, թե ով էր էդ Ձեր ասած օպերացիան մշակում և ինչ գործ ուներ այդ անձնավորությունը առհասարակ բանակի հետ:
-Այդ օպերացիան մշակում էր Սամվել Բաբայանը և ըստ իր խոսքերի` լիազորված էր Արայիկ Հարությունյանի և ՊԲ հրամանատարի կողմից:
-Աղջիկ ջան, նման օպերացիա մշակում են բանակայինները, ոչ թե ով պատահի, ով հասնի, դա խաղ ու պար չի, ինչպես շատերը կարող են ենթադրել ու, ցավոք ենթադրել են:
-Բայց Սամվել Բաբայանը այնպես չի չէ՞, որ բանակից շատ հեռու մարդ էր, ի վերջո հաղթանակած գեներալ է:
-Հե՞տո:
-Նկատի ունեմ, որ տեղանքին քաջածանոթ էր և իր իսկ խոսքերով, եթե այդ օպերացիան իրականացվեր, այսօր գուցե Շուշին մերը մնար:
-Դե թող իրականացներ:
-Հրաժարվել են, ոն՞ց իրականացներ:
-Ես հենց դա եմ ասում, պետք է ամեն ինչ կազմակերպված կերպով լիներ, որ ամեն ոք իմանար, թե որն է իր գործառույթը: Ես նորից եմ ասում՝ դա խաղ ու պար օպերացիա չի` նկատի ունեմ Շուշիի պաշտպանությունը:
-Ի դեպ այդ խորհրդակցությանը ներկա էին բավականին լուրջ զինվորականներ, ինչպես, օրինակ, Լևոն Մնացականյանը, Արթուր Աղաբերկյանը:
-Իսկ ով է ասում, որ նրանք անլուրջ մարդիկ են:
-Նկատի ունեմ, եթե վերը նշված անձիք տեղեկացված չլինեին, որ այդ օպերացիան կարող է կյանքի կոչվել, և կա այդ օպերացիայի հիմքում նպատակ` ներկա կգտնվեին՞ այդ խորհրդակցությանը:
-Գիտեք, ես էլ, Դուք էլ այդ օրերին կարող էինք նստել ու ինչ-որ պաշտպանության պլան մշակել, որպես լուրջ և հայրենասեր մարդիկ, բայց ով էր մեզ ենթարկվելու, եթե դա լիներ թեկուզ ամենափայլուն ու իրագործելի պլանը:
-Ես Ձեզ ասացի, որը ըստ Սամվել Բաբայանի, այդ օպերացիան մշակելու, ապա այդ օպերացիայի հրամանատարությունը ստանձնելու լիազորությունը նրան տրվել է ԱՀ նախագահի կողմից: Ըստ էության ինքնագլուխ չէր պարոն Բաբայանը գործում:
-Իսկ, ով է ասել, որ Արայիկ Հարությունյանը նման լիազորություններով օժտելու իրավունքներ ուներ:
—Իսկ ո՞վ ուներ նման լիազորություններով օժտելու իրավունք:
-Զինված ուժերը, հետո գիտեք գնացեք տվյալ մարդկանցից այդ հարցերի պատասխանները ստացեք:
-Տվյալ մարդկանցից ստացել ենք ու դեռ կստանանք, բայց հիմա Ձեզ՝ որպես զինվորականի ենք հարցնում, ո՞վ ունի լիազորություն գումարտակին հրամայել չկատարել նախապես մշակված հակահարձակման գործողությունը, այն էլ այդ օրհասական պահին:
-Տվյալ գումարտակի հրամանատարը:
-Իսկ տվյալ գումարտակի հրամանատարին ո՞վ կարող էր հրաման տալ:
-Ես չգիտեմ, Դուք այնտեղ չեք եղել և շատ հարցեր կան: Ես ասում եմ այն, ինչ կատարվել է Շուշիում, կոնկրետ քրեական գործ հարուցելու մատերիալ է ոտից գլուխ:
-Օրինակ՝ Օնիկ Գասպարյանը կարո՞ղ էր հրաման տալ գնդի հրամանատարներին:
-Նորից եմ կրկնում՝ ես այնտեղ չեմ եղել, չգիտեմ, թե ով ինչ կարող էր անել տվյալ իրավիճակում:
-Պարոն Հակոբյան, Սամվել Բաբայանն ասում է, որ Շուշիի օպերացիա, որպես այդպիսին չի եղել, որ այնտեղ ռեգուլյար բանակ անգամ չի եղել:
-Ես չեմ ցանկանում մեկնաբանել:
-Ինչո՞ւ:
-Ես ասում եմ, որ այնտեղ կատարվածը մի ամբողջ քրեական գործի նյութ է` այսքանը:
-Պարոն Հակոբյան, լավ ինչո՞ւ Շուշին հայտնվեց թշնամու ձեռքում, ո՞վ է պատասխանատու:
-Լավ հարց էր, որովհետև պատերազմի ժամանակ այ այդ կերպ տարբեր ռազմական օբյեկտներում նստած ամեն մեկը իր համար հակահարձակողական պլան էր մշակում: Չկար մի կետից կոնկրետ ղեկավարում:
-Ինչո՞ւ:
-Այդ հարցը ռազմաքաղաքական ղեկավարությանը տվեք:
-Կոնկրետ Օնիկ Գասպարյանը պատասխանատո՞ւ է:
-Այո, բոլորն էլ իրենց չափով պատասխանատու են»,-գրում է թերթը։
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։