ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեդիայի արտգործնախարար Անն Լինդեն անդրադարձել է ԼՂ հակամարտության ու ԵԱՀԿ-ի՝ հակամարտության կարգավորման ջանքերին: Ի պատասխան հարցին, որ Հայաստանում հիասթափված են ԵԱՀԿ-ից, ու ԵԱՀԿ-ն ոչինչ չի արել Արցախյան երկրորդ պատերազմի ընթացքում, նա մասնավորապես ասել է.
«Հակամարտությունների կարգավորման համար անհրաժեշտ է ստեղծել ցավերը մեղմող և հաշտության համար ամուր հիմք ունեցող միջավայր: Երկխոսությունն անհրաժեշտ է՝ տարածաշրջաններում խաղաղության հաստատման համար: Համաձայն չեմ, թե ԵԱՀԿ-ն ջանք չի ներդնում ԼՂ խնդրի կարգավորման համար: Ես հատուկ ներկայացուցիչ ունեմ, որը շատ ակտիվ աշխատում է: Նրա հետ երեկ եմ հանդիպել՝ իրավիճակը քննարկելու համար: Կա նաև Մինսկի խմբի համանախագահությունը՝ ՌԴ, Ֆրանսիայի և ԱՄՆ համանախագահությամբ, որը սակայն անցյալ տարի սահմանափակ հնարավորություն է ունեցել այցելել տարածաշրջան՝ նաև կորոնավիրուսի համավարակի պատճառով:
Նաև կարևոր էր 15 գերիների վերադարձը, ինչպես նաև ականապատ տարածքների քարտեզների փոխանցումը: Այդ հարցում բարձր եմ գնահատում նաև Վրաստանի ջանքերը: Դրանք վստահության ամրապնդման միջոցառումներ էին: Ես հորդորում եմ Հայաստանին և Ադրբեջանին ամրապնդել վստահությունը՝ ազատ արձակելով բոլոր գերիներին և ԵԱՀԿ հովանու ներքո՝ իմ անձնական ներկայացուցիչ Կասպշիկի միջնորդությամբ՝ գտնելու քաղաքական լուծումը, քանի որ դեռևս չկա նաև խաղաղության համաձայնագիրը»։