Երեւանում, այսօր՝ հունիսի 29-ին, կրկնակի վրաերթ է տեղի ունեցել. ժամը 01։45-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 35-ամյա Էդգար Հայրապետյանը իր վարած Nissan մակնիշի ավտոմեքենայով Մաշտոցի պողոտայի 20 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել դեռևս ինքնությունը չպարզված մոտ 50-55 տարեկան տղամարդու։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, այնուհետև հետիոտնին կրկնակի վրաերթի է ենթարկել Արմավիրի մարզի բնակիչ՝ 38-ամյա Լյուդվիգ Խաչատրյանը՝ իր վարած Opel մակնիշի ավտոմեքենայով։
Վրաերթի ենթարկվածը ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց, որտեղ ժամը 02։20-ի սահմաններում գիտակցության չգալով՝ մահացել է։
Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 1-ին դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Արտյոմ Մարտիրոսյանի գլխավորությամբ։
Դեպքի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Գարիկ Հակոբյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Արթուր Գասոյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը։