Արցախի ԱԻ պետական ծառայության ջրափրկարարները, համաձայն հիմնական միջոցառումների պլանի, Սարսանգի ջրամբարում անց են կացրել ջրասուզական հերթական պարապմունքները:
Ամառային շրջանում Սարսանգի ջրամբարում ամեն տարի գրանցվող դժբախտ ելքով պատահարները մտահոգվելու լուրջ տեղիք են տալիս:
Անցած շաբաթ ջրափրկարարները ծառայության տնօրեն գնդապետ Մեխակ Արզումանյանի գլխավորությամբ, Արցախի ամենամեծ ջրամբարում իրականացրել են ջրասուզական պարապմունքներ, միաժամանակ կատարել տարբեր կանխարգելիչ միջոցառումներ՝ Սարսանգի ջրերում գրանցված պատահարներից զերծ մնալու նպատակով:
Գործի է դրվել փրկարարական մոտորանավակը, իսկ ջրասուզակները հատուկ հանդերձանքով կատարել են ստորջրյա վարժանքներ:
Ջրափրկարարների պատրաստվածության բարձրացման նպատակով հաճախ կազմակերպվում են թեմատիկ դասընթացներ:
Նախատեսված հիմնական միջոցառումների պլանը կշարունակվի հուլիս-օգոստոս ամիսներին:
Ծառայությունը համալրված է համապատասխան գույքով ու տեխնիկական հատուկ միջոցներով՝ ջրասուզական և փրկարարական աշխատանքները տարվա բոլոր եղանակներին բարձր մակարդակով կազմակերպելու համար:
Հանգստյան գոտիներում կառուցված լողավազաններից բացի, Արցախի տարածքում գտնվող ջրամբարներն ու ջրավազանները նախատեսված չեն լողի և ակտիվ հանգստի համար:
ԱԻ պետական ծառայությունը հորդորում է՝ դժբախտ ելքով պատահարներից խուսափելու համար ամառային հանգիստը կազմակերպել միայն թույլատրելի վայրերում: