Բաքվի ծանր հանցագործությունների դատարանում շարունակվում է 14 հայ ռազմագերիների դատավարությունը, որի շրջանակում այսօր ընթերցվել է մեղադրական եզրակացությունը: Դրանից հետո ռազմագերիներից Վոլոդյա Հակոբյանը խնդրել է դատավորին իրենց հայրենիք վերադարձնելու որոշում կայացնել:
Համաձայն մեղադրական եզրակացության՝ մեղադրյալները անօրինական ճանապարհով ձեռք են բերել հրազեն, զինամթերք, պայթուցիկ սարքեր և նյութեր, ստեղծել են օրենքով չնախատեսված զինված խմբավորումներ: Նրանք 2020թ. նոյեմբերի 26-27-ին անօրինական կերպով հատել են Ադրբեջանի պետական սահմանը կազմակերպված խմբի տեսքով և զբաղեցրել են Հադրութի անտառային հատվածի մարտական դիրքեր:
Մինչև դեկտեմբերի 13-ը, ըստ մեղադրական եզրակացության, նրանք այդ տարածքում իրականացրել են սադրիչ-ահաբեկչական գործողություններ: Խմբի անդամները մեղադրվում են ահաբեկչության, անօրինական ճանապարհով զենք և պայթուցիկ նյութեր ձեռք բերելու և պահելու, անօրինական զինված խմբավորում ստեղծելու և դրան անդամակցելու, պետական սահմանը անօրինական հատելու հոդվածներով:
Եթե այդ մեղադրանքները հաստատվեն, հայ ռազմագերիներին սպասվում է 14-20 տարվա կամ ցմահ ազատազրկում: Ըստ Trend-ի հրապարակման՝ հայ ռազմագերիները մասամբ իրենց մեղավոր են ճանաչել: