Մեր երկրում կան բազմաթիվ ուղղվածության քաղաքական միավորներ և գործիչներ: Կան ռուսամետ, եվրոպամետ, ամերիկամետ, միգուցե նաև թուրքամետ և ադրբեջանամետ կազմակերպություններ և գործիչներ: Նրանք առավոտից մինչև երեկո (ոմանք նաև գիշերը) գովաբանում են իրենց որդեգրած արժեքները և մեզ համոզում ապավինել դրանց:
Մեր երկրում կան նաև բազմաթիվ ռուսական, եվրոպական, ամերիկյան և, անգամ թուրքական (միգուցե նաև ադրբեջանական) ծագմամբ,տնտեսական գործունեություն իրականացնող, հանրային նշանակություն ունեցող կազմակերպություններ: Օրինակ՝ Վեոլիա ջուր, ՀԷՑ, Գազպրոմ-Արմենիա, ՀայՓոստ և այսպես շարունակ:
Բոլորս գիտենք, թե ինչ խայտառակ պահելաձև են որդեգրում դրանք մեր երկրի բնակչության հանդեպ: Վստահ եմ, որ վերջիններիս խայտառակությունների մասին տեղեկացված են նաև հայաստանյան եվրոպամետները, ռուսամետներն ու մնացած «մետները»: Հիմա, ինձ հետաքրքրում է, օրինակ՝ ի՞նչ է մտածում և ձեռնարկում Հայաստանի Եվրոպական կուսակցության առաջնորդ Խզմալյան Տիգրանը, երբ ֆրանսիական Վեոլիայից օրերով ջուր չի ստանում կամ ի՞նչ է մտածում և ձեռնարկում բացարձակ ռուսամետ Ուրիխանյան Տիգրանը ռուսական ՀԵՑ-ից իրականացվող հերթական հոսանքազրկման ժամանակ: Այս առումով կարելի է մտաբերել Միրզոյան Արարատի և Էլ Սի Վայկիկիի փոխհարաբերությունները:
Ինչևէ: Ասածս այն է, որ մինչև այս կամ այն արժեքներ քարոզելը նայեք ձեր շուրջ: Եվ միայն նայելուց հետո սկսեք քարոզել, բերելով որոշակի և հանրամատչելի օրինակներ:
Իրավապապաշտպան Կարեն Հեքիմյանի ֆեյսբուքյան Էջից