Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Ի՞նչ ենք մենք ցանկանում». Տիգրան Ուրիխանյանի ու Նիկոլ Փաշինյանի հանդիպումից

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությամբ շարունակվում են քաղաքական խորհրդակցությունները արտախորհրդարանական մի շարք քաղաքական ուժերի ղեկավարների հետ:

Նիկոլ Փաշինյանն այսօր հանդիպում է ունեցել «Ալյանս» կուսակցության նախագահ Տիգրան Ուրիխանյանի հետ:

Նիկոլ Փաշինյան — Հարգելի պարոն Ուրիխանյան, ուրախ եմ Ձեզ տեսնելու համար: Այսօրվա հանդիպումը նախաձեռնել եմ հետևյալ տրամաբանությամբ. կցանկանայի լսել Ձեր տեսակետները քաղաքական կյանքի հետագա ընթացքի վերաբերյալ և այն մասին, թե, Ձեր ընկալմամբ, ինչ պիտի անենք մենք, որպեսզի արտախորհրդարանական ընդդիմությունը, արտախորհրդարանական ուժերը և կառավարությունը փոխադարձաբար ավելի լսելի լինեն և ավելի հասանելի: Որովհետև փորձն ի՞նչ է ցույց տալիս՝ որ ամեն դեպքում քաղաքական շրջանակներում, արտախորհրդարանական ուժերի շրջանակում և, ընդհանրապես, բոլոր քաղաքական ուժերը միշտ գեներացնում են որոշակի արժեքավոր քաղաքական բովանդակություն, որը շատ հաճախ, աղմուկի պատճառով մնում է աննկատ, և դրանից տուժում ենք բոլորս: Եվ, հետևաբար, խնդիրը հետևյալն է՝ ինչպե՞ս անել, որ այն մտքերը, այն գաղափարներն ու առաջարկները, որոնք արժանի են ուշադրության, որոնք արժանի են քննարկման և առավել ևս, որոնք արժանի են իրագործման գործնական կյանքում, դրանք չկորչեն քաղաքական աղմուկի մեջ, և մենք ավելի հասու և հասանելի լինենք այդ գաղափարներին: Շնորհակալ եմ:

Տիգրան Ուրիխանյան — Որպես մարդ և կուսակցության ներկայացուցիչ, որն առաջիններից էր բարդ իրավիճակում հայտարարում արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման նպատակահարմարության վերաբերյալ, այն է՝ համեմատաբար ավելի հանգիստ և սահուն անցման շրջան ապահովելու համար, հայտնի իրավիճակի բերմամբ, իհարկե, պիտի, այնուամենայնիվ, ունեցած արդյունքով հանդերձ, արձանագրեմ, որ մեր այդ մեր նպատակին մենք հասանք, եթե կարելի է այդպես ասել:

Ցավոք, մենք հիմա ներկայացնում ենք Հայաստանի Հանրապետությունում ընդամենը 12164 ընտրողի ձայն: Բայց ունենք այն, ինչ ունենք: Խորհրդարանում աշխատելիս մենք ունեցել ենք հնարավորություն՝ քննադատելու ձեզ, ձեր իշխանությունը, քննադատելու նաև ընտրարշավին նախորդող ժամանակաշրջանում, ու ըստ էության, այն, ինչ արձանագրվեց ընտրողի քվեով, հավանաբար նաև նշանակում է, որ կառավարությունն ինքն է որոշելու՝ այսուհետ լսել մեր ձայնը, մեր ասելիքը, մեր քննադատությունը կամ առաջարկները: Որովհետև մեր քննադատությունը, իհարկե, շատուշատ ժամանակ, եթե ոչ միշտ, տարբերվել է այլ քննադատություններից հենց բովանդակությամբ, առաջարկներով, հարցադրումներով և այլն: Ուստի, եթե կառավարությունը նպատակահարմար գտնի ականջալուր լինել, դա էլ կդառնա հենց, իմ կարծիքով, այն հնարավորությունը, որը կբերի էլ ավելի արդյունավետ փոխգործակցության, եթե այդպիսինը կարող է լինել, եթե ոչ՝ առնվազն ժողովրդի, երկրի համար նպաստավոր վիճակի հասնելու:

Ի՞նչ ենք մենք ցանկանում: Մենք ցանկանում ենք, իհարկե, որպեսզի մարդիկ թևակոխեն հարատև կայունության ընթացք: Դրա պատասխանատուն, իհարկե, բոլոր ժամանակների իշխանությունն է: Եթե այդպես լինի, բնականաբար, լավ հասկանալով, որ մենք դեռևս լուրջ և ծանր խնդիրների լուծման առջև ենք կանգնելու ամբողջ երկրով հանդերձ, և՛ հասարակությամբ, և՛ ժողովրդով:

Ունեմ անձնական կարծիք, որ մարդկանց մեծամասնությանն առանձնապես չի էլ հետաքրքրում, թե ովքեր են պատասխանատու իրենց այս կամ այն ոլորտի կազմակերպման համար կամ իշխանության համար առանձնակի տեղեկացվածության իմաստով, չեն էլ հետաքրքրվում: Մարդիկ ուղղակի ուզում են ապրել կայուն կյանքով, մարդիկ ուզում են ապրել, իհարկե, սոցիալապես ապահովված կյանքով: Առավել ևս՝ առանց պատերազմի, առանց ցնցումների:

Եթե մենք մեր երկրում մեր առաջարկներով, այդ թվում՝ նախընտրական շրջանում հնչեցրած ծրագրային դրույթներով, կարող ենք նպաստել Հայաստանի Հանրապետության զարգացմանը, դա մեզ համար կլինի գոհացուցիչ: Ես, իհարկե, խոսում եմ «Ալյանս» կուսակցության անունից, որովհետև մենք ձևավորեցինք հուշագրի հիման վրա միասնական նախընտրական ցուցակ՝ 2 կուսակցություններից և մի քանի այլ կուսակցությունների ներկայացուցիչների կազմից բաղկացած: Բայց վստահ եմ, որ կարծիքս կիսում են նաև մյուս գործընկերները, ովքեր մեզ հետ մասնակցել են կամ վստահ եմ՝ շատերը, ովքեր այդ թվում մեզ հետ չեն մասնակցել, բայց առնվազն բանակցել են: Իսկ ո՞ւմ ձեռնտու չէ Հայաստանի Հանրապետության մեջ կայուն զարգացման ընթացքը: Շնորհակալ եմ:

Please enter a valid URL