Վայոց Ձորում իր աշխատանքը կատարող պատգամավորի թեկնածու Գոռ Սեդրակյանը, որը նաև «Հայրենիք» կուսակցության Վայոց Ձորի գրասենյակի ղեկավարն է, այսօր խուզարկվել է։ Արդյունքում՝ թե նրա բնակարանում, թե մեքենայում և թե գրասենյակում ոչինչ չի հայտնաբերվել, սակայն նա ձերբակալվել է: Այս մասին նշեց «Պատիվ ունեմ» դաշինքի հանրային կապերի և ԶԼՄ-ների հետ հարաբերությունների պատասխանատու Սոս Հակոբյանը հրատապ հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ:
«Ուզում եմ նշել, որ պատգամավորի թեկնածուն օգտվում է իր անձեռնմխելիությունից: Համաձայն օրենքի՝ նրան կարող են ձերբակալել միայն, եթե նրան բռնել են ենթադրյալ հանցանքը կատարելու պահին կամ անմիջապես դրանից հետո։ Խուզարկության ժամանակ չի հայտնաբեերվել որևէ ապօրինի իր։ Օբյեկտիվ դիտորդի համար ակնհայտ է այստեղ քաղաքական հետապնդումը»,-կարծում է Հակոբյանը։
Բանախոսը հայտնեց, որ Սեդրակյանի պաշտպանությունը ստանձնել է փաստաբան Գայանե Պապոյանը։ Սոս Հակոբյանը նաև նշեց, որ ձերբկալվել է ևս 2 անձ։ Քաղաքական թիմն իրենց դաշինքի նկատմամբ ապօրինություններ է արձանագրել նաև Հրազդանում։
«Հրազդանում 40 հոգի ներխուժել է «Պատիվ ունեմ» դաշինքի նախընտրական շտաբ, իրականացրել են խուզարկություն առանց դատարանի սանկցիայի: Մեր շտաբի ներկայացուցիչներին զանգում են և հրահանգում գալ բաժիններ բացատրություն տալու: Մենք հրավիրում ենք միջազգային բոլոր դիտորդների և լրագրողների ուշադրությունը այս իրավիճակին։ Սա ուղղակի ամենաթողություն է։ Քաղաքական գնահատականներ չենք տալիս՝ հաշվի առնելով այսօրվա հետ կապված օրենքի պահանջը»,- հայտարարեց Հակոբյանը:
Նրա հավաստմամբ Հրազդանի իրենց գրասենյակում նույնպես, որևէ խախտում չի արձանագրվել։
«Պատիվ ունեմ» դաշինքի հանրային կապերի և ԶԼՄ-ների հետ հարաբերությունների պատասխանատուն նաև հիշեցրեց, որ այսօր իրենք հրապարակել են մի տեղեկատվություն, որ մի շարք տեղամասերում իրենց դաշինքի քվեաթերթիկների վրա հայտնաբերվել է կապույտ գույնի նշումներ: Որոշ ընտրական տեղամասերում դրանց թիվը հասնում է մինչև 300-ի։
«Հրավիրում ենք ԿԸՀ-ի ուշադրությունը, այս հանգամանքին, որ հստակ պարզաբանում տրվի, որպեսզի հետագայում հնարավոր չլինի այս տեխնիկական խոտանի պատճառով հանկարծ քվեաթերթիկը անվավեր ճանաչվի»,- ընդգծեց Սոս Հակոբյանը։