Սիրելի՛ հայրենակիցներ,
Ավարտվեց նախընտրական քարոզարշավը։
Քաղաքական ուժերը հնարավորություն ունեին, ավելի քան 10 օրվա ընթացքում ներկայացնել այն ծրագրերն ու նպատակները, որոնք պատրաստվում են իրականացնել ձեր քվեները ստանալուց հետո:
Ցավոք, այս ընթացքում եղան նաև անհանդուրժողականության, վիրավորանքի, սպառնալիքի դրսևորումներ, եղան նաև միջադեպեր, որոնք հարիր չեն ժողովրդավարության ձգտող կամ ժողովրդավարությունից խոսող որևէ քաղաքական ուժի կամ գործչի։
Անթույլատրելի, անընդունելի և խստորեն դատապարտելի են իրավական ու բարոյական սահմանները հատելը, իրավիճակը լարելը, առավել ևս՝ ատելություն և թշնամանք հրահրելու բոլոր փորձերը։
Կոչ եմ անում ընտրություններին մասնակցող բոլոր կուսակցություններին ու դաշինքներին, պատգամավորության բոլոր թեկնածուներին, որ իրենց գործողություններում և գործելակերպում լինեն զուսպ և կշռադատված, զսպվածության կոչեն նաև իրենց համակիրներին ու կողմնակիցներին, լինեն հանդուրժող ու հարգալից, հանուն քաղաքական նպատակների չխախտեն բարոյականության սահմանները։
Իրավապահ մարմիններից պահանջում եմ, որ նրանք խստագույնս կանխեն օրենքի և իրավունքի ցանկացած խախտում, լինեն անաչառ, դրսևորեն առավելագույն պատասխանատվություն, գործեն օրենքին հավատարիմ։
Այս ընտրությունները տեղի են ունենում բարդ, ճգնաժամային իրավիճակում և վճռորոշ նշանակություն ունեն մեր պետության ու ժողովրդի համար։
Սիրելի՛ հայրենակիցներ,
Այսօր լռության օր է։ Իսկ կիրակի՝ հունիսի 20-ին, յուրաքանչյուրը պետք է կատարի իր ընտրությունը:
Որ քաղաքական ուժին էլ նախապատվություն տաք, ինչպիսին էլ լինի ձեր որոշումը, հիշեք, որ դա որոշում է՝ հանուն Հայրենիքի, հանուն մեր պետության, հանուն ձեր և ձեր ընտանիքի վաղվա օրվա։
Քվեարկե՛ք արդար ու ազատ, հաշվետու եղեք միա՛յն ու միա՛յն ձեր խղճին։
Հաջողություն և ամենայն բարիք…
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյան