Search
Close this search box.

Դավիթ Գալստյանը (Պատրոն Դավիթը) հայտարարություն է տարածել

Դավիթ Գալստյանը (Պատրոն Դավիթը) հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասված է.

«Հարգելի՛ հայրենակիցներ,

Այսօր նախ ադրբեջանական, այնուհետև նաև հայաստանյան մամուլով տարածվեցին տեղեկություններ առ այն, որ Ադրբեջանի Հանրապետության դատախազությունը իմ նկատմամբ հարուցել է քրեական գործ՝ մաքսանենգ օդային ճանապարհով ապօրինի զենք-զինամթերք մատակարարելու դեպքի առթիվ. այդ գործով ինձ ներգրավվել են որպես մեղադրյալ և հայտարարել միջազգային հետախուզում։

​Կարծում եմ՝ բոլորի համար պարզ են նշված քրեկան գործի շինծու հիմքերը և դրա նպատակները։

Ի լուր աշխարհի հայտարարում եմ, որ ես երբեք որևէ անօրինական եղանակով զենքի մատակարարում չեմ իրականացրել: Բոլոր մատակարարումները կատարվել են զենքի առևտրային հարաբերություններում գործող միջազգային պահանջների և չափորոշիչների խստիվ պահպանմամբ։

Ցավում եմ, որ ինչպես պատերազմից առաջ, այնպես էլ դրանից հետո Հայաստանի Հանրապետությունում բարոյականությունից զուրկ և ոլորտից բացարձակ գիտելիքներ չունեցող Ազգային ժողովի պատգամավորներ, պետական պաշտոնյաներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև նախկին և ներկա այլ պաշտոնյաներ հրապարակայնորեն սկսեցին կեղծ տեղեկություններ տարածել իմ և իմ գործունեության մասին, որից հետո իմ նկատմամբ սկսվեց քրեական հետապնդում: Այդ անձանց ազդեցությամբ իրավապահ և դատական համակարգի համատեղ ջանքերով ես շուրջ 4 ամիս գտնվում էի անազատության մեջ։ Ակնհայտ դիտավորությամբ և մանիպուլյացիաների միջոցով կեղծ տեղեկություններ սկսվեցին տարածվել նաև տարբեր լրատվական հարթակներում և պետական մարմինների պաշտոնական կայքերում։ Հենց այդ տեղեկություններից օգտվելով, դրանց հղումեր անելով էլ Ադրբեջանի Հանրապետությունն այժմ կեղծ և շինծու քրեական գործերի միջոցով փորձ է անում ամեն գնով խոչընդոտել Հայաստան զենքի մատակարարումը։

Չնայած մեր բոլոր նախազգուշացումներին, իրավապահ համակարգը շարունակում է իրականացնել քրեական հետապնդում՝ սահմանափակելով իմ ազատ տեղաշարժման իրավունքը։ Այս ամենից իհարկե չէր կարող չօգտվել Ադրբերջանը, որը փորձ է անում նաև իր կեղտոտ խաղերի և ծուղակների մեջ ներքաշել հայ խոշոր գործարարներին՝ թիրախավորելով հայկական բիզնեսը արտերկրում։

​Անկախ իմ նկատմամբ ինչպես Ադրբեջանում, այնպես էլ Հայաստանում իրականացվող ապօրինի քրեական հետապնդումներից և ճնշումներից՝ ես հրապարակային հայտարարում եմ, որ շարունակելու եմ անմնացորդ նվիրումով ծառայել իմ հայրենիքին, իմ հնարավորությունների ամբողջ ներուժով նպաստել հայրենիքիս հզորացմանը»։

Հիշեցնենք, որ Դավիթ Գալստյանը ձերբակալվել էր փետրվարի 1-ին, իսկ փետրվարի 2–ին` կալանավորվել։ ՀՀ ԱԱԾ-ն տեղեկացրել էր, որ արտերկրում գրանցված «Mosston Engineering» ընկերության խորհրդի նախագահ Դավիթ Գալստյանը, նախնական համաձայնության գալով նույն ընկերության տնօրեն Ա.Բ.-ի հետ, 2018 թվականի ընթացքում ՊՆ–ին է մատակարարել 1983-1986թթ. արտադրության հրանոթի անորակ արկեր, որոնցով, ըստ ԱԱԾ–ի, հնարավոր չի եղել լուծել մարտական խնդիրներ, բայց որոնց դիմաց Գալստյանը 1.083.000 ԱՄՆ դոլար գումար է ստացել:

Հիշեցնենք նաեւ, որ մայիսի 17-ին Վերաքննիչ դատարանի որոշմամբ՝ Դավիթ Գալստյանը ազատ է արձակվել:

Please enter a valid URL