Search
Close this search box.

ՀՀ ԱԳՆ-ն հաղորդագրություն է տարածել

Խստորեն դատապարտում ենք Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիների և առևանգված քաղաքացիական անձանց հանդեպ կեղծ մեղադրանքների հիման վրա քրեական հետապնդման իրականացումը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ-ն:

«Միջազգային իրավունքի համաձայն՝ ռազմագերիները չեն կարող պատասխանատվության ենթարկվել պատերազմական գործողություններին մասնակցելու համար: Միաժամանակ, ելնելով հայերի հանդեպ Ադրբեջանում տարածված ծայրահեղ ատելության և պետական մակարդակով հովանավորվող ռասիստական քաղաքականությունից՝ ակնհայտ է, որ իրականացվող դատավարությունները չեն կարող լինել արդար և թափանցիկ:

Վերը նշվածը, ինչպես նաև քաղաքացիական անձանց պատանդ վերցնելն ու առևանգելը հանդիսանում են միջազգային իրավունքի բազմաթիվ նորմերի կոպտագույն խախտումներ:

Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիների և պատանդառված քաղաքացիների իրական թվերի և պահման վայրերի թաքցնելը նույնպես պատերազմական և մարդկության հանդեպ հանցագործությունների կատարման լուրջ վկայություն են:

Ադրբեջանը շարունակում է կոպտորեն խախտել իր կողմից վավերացված մի շարք հիմնարար փաստաթղթեր, այդ թվում՝ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան, Քաղաքացիական և քաղաքական իրավունքի մասին ՄԱԿ-ի դաշնագիրը, Խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի և պատժի դեմ ՄԱԿ-ի կոնվենցիան և, մասնավորապես՝ Ժնևի երրորդ կոնվենցիան:

Ելնելով վերոհիշյալից՝ խստորեն դատապարտում ենք Բաքվի դատարանի՝ հունիսի 14-ին հրապարակված ապօրինի վճիռը՝ քաղաքացիական անձ, Հայաստանի և Լիբանանի քաղաքացի Վիգեն Էօլչեքճեանին 20 տարով ազատազրկելու վերաբերյալ: Վերջինս առևանգվել է ադրբեջանական զինված ուժերի կողմից 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ստորագրման հաջորդ օրը, իսկ դատավճիռը կայացվել է ճնշման և խոշտանգումների արդյունքում կորզված իբր «խոստովանական ցուցմունքների վրա»:

Դատապարտելի է նաև նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության առաջին կետի խախտման արդյունքում Արցախի Հադրութի շրջանի՝ հայկական ուժերի վերահսկողության տակ գտնվող Խծաբերդ և Հին Թաղեր գյուղերում Ադրբեջանի կողմից իրականացված ռազմական գործողության հետևանքով գերեվարված զինվորականների հանդեպ կեղծ քրեական գործերի հարուցումը և քրեական հետապնդման իրականացումը:

Հունիսի 15-ին Արցախի Հանրապետության` Ադրբեջանի կողմից օկուպացված Շուշի քաղաք այցելության շրջանակում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև կայացած երկխոսության տեսագրությունը փաստում է, որ հետպատերազմյան շրջանում գերիների խնդիրն Ադրբեջանի կողմից օգտագործվում է քաղաքական նպատակներով՝ որպես Հայաստանի նկատմամբ ճնշման գործիք, ինչը նաև նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության բացահայտ խախտում Է։ Այս փաստը հերթական անգամ վկայում է ստանձնած պարտավորությունները չկատարելու Ադրբեջանի հետևողական քաղաքականության մասին:

Կոչ ենք անում մեր միջազգային գործընկերներին, ինչպես նաև իրավապաշտպան կառույցներին խստորեն դատապարտել Ադրբեջանի կողմից միջազգային իրավունքի կոպտագույն խախտումները և պահանջել շինծու քրեական գործերի դադարեցում ու հայ ռազմագերիների շուտափույթ հայրենադարձումը»,- ասված է ԱԳՆ հայտարարության մեջ:

Please enter a valid URL