Ռուսաստանն ուղիղ պատասխանատու է Ղարաբաղում ստեղծված իրավիճակի համար։ Այս մասին այսօր հրավիրած ասուլիսում ասաց «Ազատական» կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորող, Արցախի ԱԽ նախկին քարտուղար Սամվել Բաբայանը։
«Մենք Ռուսաստանի հետ պետք է ճիշտ աշխատենք։ Ինձ համար զարմանալի չի եղել Ռուսաստանի այս պահվածքն այս պատերազմի ժամանակ։ Դա իր շահերն է, ինքը բազմիցս հայտարարել է, որ կովկասյան երեք պետություններն իր համար հետաքրքիր են։ Չնայած դու սոյուզնիկ ես, ահագին պայմանագրերով կապված ես, որևիցե ձևի ինքը ցույց չի տվել, որ դու հատուկ տեղ ունես։ Էս պատերազմում, երբ նա կողքի է դրել ամեն ինչ ու դիտորդի դեր ընդունել կամ միջնորդի դեր ընդունել, մենք զարմացել ենք։ Ասում է՝ Ղարաբաղի խնդրի հարցով մենք պարտականություն չունենք։ Ղարաբաղը եղել է ռուսական իմպերիայի մեջ 1800-ական թվերից, այնուհետև նույն էդ իմպերիան Ղարբաղը տվել է Սովետական Ադրբեջանի մաս, սովետմիությունը փլուզվել է, Ղարաբաղը դուրս է եղել, Ռուսաստանը, լինելով սովետմիության հետնորդ, վերցրել է իր վրա պատասխանատվություն։ Ռուսաստանն ուղիղ պատասխանատու է այդ հարցում։ Որպես օժիտ Ղարաբաղը հանձնել ես Ադրբեջանին ու բերել պատերազմների։ Դու՝ որպես պատասխանատու, ինքդ պարտավոր ես էդ խնդիրը լուծել»,- ասաց Բաբայանը։
Նրա խոսքով՝ հիմա արդեն ադրբեջանցիները Հայաստանի սահմաններ են մտել, և Ռուսաստանը դարձյալ քայլ չի ձեռնարկում։
«Ասում ա՝ բանակցենք, իրենց ձեռքին մի քարտեզ կա, էդ քարտեզով ոնց որ էդ տարածքները․․․ Հեքիաթ է պատմում սոյուզնիկը։ Ինչի՞ վրա եք հույս դրել, որ ինքը պիտի գա ադրբեջանցու հետ կռվի, էդ տարածքը մեզ տա՞։ Չէ, որովհետև իրեն Ադրբեջանն էլ է պետք։ Դրա համար ասում եմ՝ մենք պետք է ուժեղ ու պրոֆեսիոնալ բանակ ունենանք, որ մենք մեր երկիրը պաշտպանենք։ Սա է ճանապարհը, հայ ազգը պետք է միշտ իմանա, որ ինքն է իր սոյուզնիկը։ Եթե մենք չենք ուզում պարտվել, ամբողջ երկրագունդն էլ մեզ վրա թափվի, չի կարող պարտության տանել»,- հավելեց նա։
Անդրադառնալով հայ ռազմագերիների խնդրին՝ Սամվել Բաբայանն ասաց, որ հայկական կողմը պետք է գերեվարի ու որպես ահաբեկիչներ դատապարտի ՀՀ տարածք մտած ադրբեջանցի զինծառայողներին, հետո նրանց փոխանակի հայ գերիների հետ։ Ըստ նրա՝ ճանապարհը դա է, քանի որ գերտերություններն այսօր հայ գերիների հարցը առևտրի առարկա են դարձրել։