Hetq.am-ը գրում է. Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Արտուշ Գաբրիելյանի, հրապարակել է Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտի տնօրեն Ռազմիկ Աբրահամյանի և Առողջապահության նախկին փոխնախարար Արսեն Դավթյանի գործով դատավճիռը։ Ռազմիկ Աբրահամյանը դատապարտվել է երեք տարի ժամկետով ազատազրկման, սակայն դատարանը նրա նկատմամբ պատիժը պայմանականորեն չի կիրառվել՝ սահմանելով 2 տարի ժամկետով փորձաշրջան։ Արսեն Դավթյանը դատապարտվել է 7 տարի ժամկետով ազատազրկման` առանց գույքի բռնագանձման։ Այս մասին «Հետք»-ի հետ զրույցում ասաց Գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը։ Նշենք, որ դատավճռի հրապարակման պահին Արսեն Դավթյանը գտնվել է ազատության մեջ, և նրա նկատմամբ ընտրված ազատազրկման հետ չկապված խափանման միջոցը դատարանի որոշմամբ կմնա անփոփոխ՝ մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը։
Դատախազությունը Արբրահամյանի համար պահանջել էր 4 տարի, իսկ Արսեն Դավթյանի համար՝ 8 տարի 3 ամիս ժամկետով ազատազրկում, այսինքն՝ դատարանը ամբաստանյալներին մեղավոր ճանաչելով իրենց վերագրվող արարքներում, նրանց համար սահմանել է ավելի մեղմ պատիժ։
Հիշեցնենք, որ Արսեն Դավթյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափով կաշառք ստանալու, իսկ Ռազմիկ Աբրահամյանը՝ առանձնապես խոշոր չափով կաշառք տալու մեջ։ Աբրահամյանն իրեն առաջադրված մեղադրանքն ընդունել է, իսկ Արսեն Դավթյանը մեղադրանքի վերաբերյալ դիրքորոշում չի հայտնել։
Արսեն Դավթյանն, ըստ մեղադրանքի, հանդիսանալով պաշտոնատար անձ, առանձնապես խոշոր չափերով կաշառք է ստացել ծառայության գծով հովանավորչություն ցուցաբերելու և իր պաշտոնեական դիրքն օգտագործելով՝ որոշակի գործողություններ կատարելուն նպաստելու համար: Այսպես, Արսեն Դավթյանը, 2018 թվականի մայիսի 23-ից զբաղեցրել է առողջապահության փոխնախարարի պաշտոնը, մշտապես իրականացրել կազմակերպչական, տնօրինական, վարչատնտեսական գործառույթներ:
Մանրամասը՝ սկզբնաղբյուրում: