Խորհրդարանական արտահերթ ընտրությունների քարոզարշավը հիշեցնում է փողոցային և խուլիգանական ռազբիրատ, երբ կողմերից յուրաքանչյուրը փորձում է ինչքան ուժ ունի ավելի բարձր գոռալ` դիմացինի ձայնը խլացնելու համար, և դիմացինին մեղադրում է բոլոր հնարավոր ու անհնար հանցանքների ու մեղքերի մեջ, մտածելով, որ դրանով կարող է ապացուցել իր անմեղությունն ու արդարամտությունը: Սրանց թվում է, թե ընտրողը պետք է ընտրություն կատարի հանցագործների, բռնարարների, կեղծարարներ ու ձախողակների միջև, նախապատվությունը տալով նրան, ով այդ գործում ավելի քիչ է մեղադրվում:
Մինչդեռ ընտրությունը նոր իշխանության ձևավորման միջոց է, և ընտրողը ուզում է հասկանալ, թե ինչ է իրեն սպասում առաջիկա հինգ տարիների ընթաքում, և ապագա իշխանությունը ինչ է անելու իր կյանքը այդ հինգ տարիների ընթացքում փոխելու համար:
Այս իմաստով շահեկանորեն տարբերվում է Բարգավաճ Հայաստան կուսակցությունը և նրա առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, ով բացարձակապես չներքաշվելով մեղադրանք «բացահայտումների» դաշտ, իր և իր գլխավորած կուսակցության կշիռն իմացողի վստահությամբ հասարակությանն է ներկայացնում ԲՀԿ նախընտրական ծրագիրը, կուսակցության անելիքները իշխանություն ձևավորելու դեպքում:
ԲՀԿ-ն արդեն հինգրերորդ անգամն է մասնակցում խորհրդարանական ընտրություններին և պետք է ասել, որ այս նախընտրական ծրագիրը աչքի է ընկնում իր իրատեսությամբ և օրվա խնդիրներին համահունչ լինելով:
ԲՀԿ-ն կարևորելով սոցիալական ոլորտը՝ հռչակում է, որ նվազագույն աշխատավարձը պետք է ավելին լինի, քան սպառողական զամբյուղը, այսինքն աշխատող մարդը առնվազն սննդի խնդիր չպետք է ունենա, չպետք է կիսասոված ապրի: ԲՀԿ-ն խոստանում է առաջիկա հինգ տարիների ընթացքում յուրաքանչյուր տարի 10 տոկոսով բարձրացնել նվազագույն աշխատավարձը և թոշակը: ԲՀԿ-ն նշում է այն աղբյուրը, որը ապահովելու է այդ բարձրացումների համար անհրաժեշտ ֆինանսական միջոցները. ներդրումների անընդհատ ավելացում և արտադրողականության աճ:
ԲՀԿ ծրագրում նախատեսվում է վարկային բեռի էական թոթափում: Մասնավորապես ԲՀԿ-ն առաջարկում է ներել մինչև 3 մլն դրամի վարկառուներին, որը հնարավորություն կտա մարդկանց և տնտեսությանը շնչել և նոր կետից առաջ շարժվել: Թվում է թե սա այնքան էլ իրատեսական, չէ, բայց նման բան արվում է աշխարհի բազմաթիվ երկրներում, և ամենամոտ և ամենաթարմ օրինակը մեր հարևան Վրաստանն է, որի իշխանությունները վարկային համաներման խոշոր ծրագիր իրականացրեցին՝ թոթափելով հարյուր հազարավոր մարդկանց վարկային բեռը:
ԲՀԿ-ի հաջորդ կարևոր ծրագրային կետը գյուղատնտեսության զարգացմանն ուղղված ծրագրերի իրականացումն է, և դրան ուղղված պայմանների ստեղծումը: Նախ ԲՀԿ-ն խոստանում է առաջկա երեք տարիներին ոռոգման ջրի վարձը դարձնել սիմվոլիկ՝ հազար դրամ, իսկ հետագայի համար սահմանել գործողից էականորեն ցածր գին․ գյուղատնտեսական վարկերի տոկոսադրույքը իջեցնել տարեկան 2-3 տոկոս, այն դեպքում, երբ հիմա դրանք գրեթե տասնապատիկ բարձր են, յուրաքանչյուր համայնքում ստեղծել բերքի մթերման, վերամշակման կայաններ, իրենց պահեստային, սառնարանային տնտեսություններով, որպեսզի գյուղացին բերքն արտադրելով՝ վստահ լինի դրա իրացման հարցում, մինչդեռ այժմ բերքի մեծ մասը փչանում է սպառման բացակայության կամ ինքնարժեքից ցածր լինելու պատճառով:
ԲՀԿ-ն հստակ նախանշում է մեր պետության արտաքին քաղաքական առաջնահերթություն, հայտարարելով, որ Ռուսաստանն է մեր ռազմավարական դաշնակիցն ու գործընկերը, և կարևորում է Ռուսաստանի ներկայության առավելագույն ապահովումը մեր երկրում: ԲՀԿ-ն կարևորում է Ռուսաստանի հետ համագործակցությունը ոչ միայն անվտանգության, այլ նաև տնտեսական, էներգետիկ, և մյուս հարթություններում:
Այս իմաստով ևս ԲՀԿ-ն իր հստակ դիրքորոշմամբ տարբերվում է մյուս մասնակիցներից, որոնք ներկայացնում են լղոզված, շատ դեպքերում մեր եկրի ազգային շահին ու անվտանգության առաջնահերթություններին հակասող մոտեցումներ:
Կարևորելով Ռուսաստանի հետ համագործակցությունը, ԲՀԿ-ն մեր երկրի անվտանգության ապահովումը տեսնում է մեր ազգային բանակի հզորացման և գերժամանակակից զինատեսակներով զինելու մեջ, այդպիսով ընդգծելով մեր ինքնիշխանության ամրապնդման կարևորությունը:
Հ/Գ
Նախընտրական հրապարակները կիսադատարկ են կամ լցվում են վճարովի հանդիաստեսներով, և դրա պատճառներից մեկն էլ այն է, որ ընտրողները հոգնել են նման էժան և անտաղանդ բեմականացումներից, մարդկանց ավելի շատ հետաքրքրում են կուսակցությունների ծրագրերը, և ոչ թե հայհոյանք հոխարտանքները: Եվ այս իմաստով, ԲՀԿ-ն շահեկանորեն տարբերվում է բոլորից: